25 Հունվարի, 2017

Քաղաքական դաշտի ու անցուդարձի տեսանկյունից նախընտրական ժամանակաշրջանն, ինչ խոսք, ամենաուշագրավն է: Ինչ ասես, որ չես տեսնի ու լսի:

Ani Product

Զորօրինակ, քաղաքական դիտորդներն ու մեկնաբանները դեռ չէին էլ հասցրել մի կարգին զարմանալ՝ լսելով, որ Պարույր Հայրիկյանը միանում Է «Համախմբում»-«Երրորդ հանրապետություն»-ՀԴԿ դաշինքին, երբ երեկ ավելի թունդ տեղեկություն տարածվեց՝ դառնալով օրվա «հիթը»: Բանն այն է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ տարիներ շարունակ նկատելի դիրք ու դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ում եւ մինչ այս էլ կուսակցության փոխնախագահներից էր ու ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի ղեկավարը, հաստատեց Հանրապետականը լքելու մասին տարածված տեղեկությունը:
ՀՀԿ-ից դուրս գալու եւ այդ քայլի շարժառիթների մասին իր՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հայտարարությունն ակնկալվում է այսօր, եւ դա էլ չի շրջանցվի, իհարկե: Բայց արդեն զուտ այն, որ նա հաստատել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին լուրը, տեղով համարյա սենսացիա է:

Ani Product

Բնականաբար շատերին ու միանգամից հետաքրքրեց, թե ինչ է անելու Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալուց բացի եւ դրանից հետո: Առավել հավանական ու իրադարձությունների զարգացման «մակերեսին դրված» ենթադրությունն այն է, որ նա կմիանա իր խնամի Գագիկ Ծառուկյանին, որոշակի առումով նրա հետ վերադառնալով քաղաքական ակտիվ դաշտ (վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո Հ.Աբրահամյանն առանձնապես «չէր երեւում»):

Ճիշտ է, «բամփելու» թեմայով ժամանակին Հ.Աբրահամյանի արած հայտարարությունները կարող էին նստվածք թողած լինել, բայց՝ ամեն դեպքում: Սակայն Ծառուկյանին միանալու հնարավորության վերաբերյալ լրագրողի հարցին, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությամբ եմ զբաղվելու, դա փաստ է»:

Դե ինչ, հետաքրքիր կլինի տեսնել Արարատի նախկին մարզպետ, տարածքային կառավարման նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ ու արդեն նաեւ՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանին քաղաքականությամբ զբաղվելիս: Ողջ հարցն այն է, թե՝ ում հետ եւ ո՛ր թիմում:

Եթե, իհարկե, Հ.Աբրահամյանը իր թիմը չձեւավորի կամ՝ «հավաքի»: Տվյալ դեպքում դա քիչ հավանական է, քանզի եթե նա առանձին ու նոր կուսակցություն ստեղծելու լիներ, ապա ավելի շուտ կհայտարարեր ՀՀԿ-ն լքելու մասին ու կանցներ այդ գործին: Այժմ, երբ խորհրդարանական ընտրությունների գործընթացն արդեն գրեթե քարոզարշավի նախաշեմին է, «քաղաքականությամբ զբաղվելու» միակ տարբերակը եղած դաշինքներից կամ ուժերից որեւէ մեկին միանալն է:

Ինքը, ինչպես նշեցինք, համենայն դեպս երեկվա դրությամբ, բացասաբար արձագանքեց առավել հավանական տարբերակի վերաբերյալ հարցին, այսինքն՝ իր խնամի Գագիկ Ծառուկյանին չի միանալու: Հաջորդ հնարավոր տարբերակը Օսկանյան-Օհանյան-Հայրիկյան-Արամ Սարգսյան դաշինքն է, որն, ըստ տարածվող ու համառորեն շրջանառվող լուրերի եւ մեկնաբանությունների, ամեն պարագայում կապվում է նախկին նախագահ Ռ.Քոչարյանի անվան հետ: Իսկ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն վերջին 8 տարիներին է պետական բարձր պաշտոններ զբաղեցրել, այլեւ իր ու իր մերձավոր շրջապատի համար բավական արդյունավետ պաշտոնավարել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ եղած շրջանում: Չհաշված, որ Հովիկ Աբրահամյանը քաղաքական ասպարեզ, ավելի ճիշտ է ասել՝ պաշտոնավարման դաշտ մուտք է գործել նախկին մեկ այլ նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Կարճ ասած, Հովիկ Աբրահամյանը բոլոր երեք նախագահների պաշտոնավարման շրջանում հաջողացրել է մնալ իշխանության մեջ, ավելին՝ վերընթաց կարիերա է արել՝ հասնելով վարչապետի պաշտոնին, որին այդպես ձգտում էր, բայց որտեղ իրեն, ի վերջո, առանձնապես չդրսեւորեց ու անցյալ տարվա սեպտեմբերին պաշտոնանկ արվեց՝ պաշտոնը զիջելով գործող վարչապետ Կարեն Կարապետյանին:
Շատ հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ թոթափել նեղացածությունը, ինչպես այն «աստղային ֆուտբոլիստները», որ խիստ վրդովվում են, երբ մարզիչն իրենց առաջին խաղակեսից հետո փոխարինում է: Հնարավոր է:

Զանազան ենթադրությունների վրա յուղ է լցնում մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանը վերջերս մեկնել է Ռուսաստան եւ հանդիպում ունեցել վարչապետ Դ.Մեդվեդեւի հետ: Հովիկ Աբրահամյանն ինքն էլ, անկասկած, շահագրգռված կլիներ նման տեղեկությունների տարածմամբ՝ թեկուզ իր դերն ու կշիռը մի անգամ էլ ընդգծելու հաշվարկով:
Ինքը, ճիշտ է, ասել էր, թե ռուսաստանաբնակ մի հայ գործարարի խնդրով է դիմել Ռուսաստանի վարչապետին: Բայց դա արդեն էական չէ: Կարեւորը բուն հանդիպման փաստի մասին լուրը հրապարակ նետելն է, արդարացված վստահությամբ, որ դա բազմապիսի մեկնաբանությունների տեղիք կտա:
Հարկավ առաջիկայում էլի առիթներ կլինեն այս ուշագրավ եղելությանը, նկատի ունենք՝ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուն, անդրադառնալու: Մանավանդ եթե նա այսօր իրոք հայտարարություն անի եւ ասի ավելին, քան զուտ փաստի պաշտոնական ու լրացուցիչ հաստատումն է: Բայց մի քանի դիտարկում արժե անել:
Ամենից առաջ նկատենք, որ Հովիկ Աբրահամյանը գրեթե բոլոր վերջին համապետական ընտրություններում գլխավորել է ՀՀԿ նախընտրական շտաբը: Ինչ-որ տեղ սպասվում էր, որ նույնը կլինի եւ այս անգամ: Բայց՝ ոչ:

Հեղինակ՝ Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 25-ի համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս