23 Հունվարի, 2017

Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) եղբայրաբար ձեռք-ձեռքի տված Ձյունե քաղաք էին բացում երեխաների համար, և իրենք էլ Ձմեռ պապ- Ձյունանուշ էին խաղում: Իսկ հիմա նրանց մասին կարելի է ասել, որ երկուսի արանքով սև կատու է անցել, քանի որ այժմ պետք է ոչ թե բարեգործ ձևանալ, այլ պայքարել ընտրությունների համար: Իսկ այդ դաշտում եղբայրություն չկա:
Արդեն հայտնի է, որ Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքները ներառող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի Միհրան Պողոսյանը: Բայց արի ու տես, որ նույն տարածքում մրցասպարեզ դուրս գալու ցանկություն ունի նաև Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Ու բավական չէ, որ նրանք իրար դեմ են դուրս գալիս, հիմա էլ մեկը մյուսից ազդեցության գոտիներ և համակիրներ են թռցնում:

Բանն այն է, որ մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ մշտապես աշխատել են Տարոն Մարգարյանի ու նրա աներորդու համար, այսօր անցել են Պողոսյանի ճամբար: Ընդ որում, այդ անցումը հենց այնպես չի կատարվել: Չար լեզուներն ասում են, որ Քեթրինի Միհրանի դուռն են գնում նրանք, ովքեր նախորդ ընտրություններին չարչարվել են Տարոն Մարգարյանի համար, սակայն ժլատ քաղաքապետը վարձահատույց չի եղել իրեն մատուցած ծառայությունների դիմաց:
Կատարվածից զայրացած Տարոնը ատամներն է կրճտացնում և նույնիսկ հասցրել է իրեն պատուհասած դժբախտության մասին բողոքել ՀՀԿ վերնախավին: Սակայն Հանրապետականում նրան առանձնապես ոչ հույս են տվել, ոչ էլ մխիթարել: Ընդամենը հիշեցրել են, որ ժլատը ստիպված է լինում երկու անգամ վճարել: Մնում է միայն, որ քաղաքապետը հասկանա, թե խոսքն ինչի մասին է:

Ani Product
Ani Product

Shame.am




Լրահոս