Քոչարյանն այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նա հանդիպումից այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24–ին սուր ինֆարկտ է տարել, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։