17 Փետրվարի, 2017

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

Ani Product

«Արդեն հայտնի են, թե որ կուսակցություններից ովքեր են պայքարելու ռեյտինգային ընտրակարգով։ Ցուցակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հատկապես իշխանական ուժերը ռեյտինգային ցուցակով առաջադրել են ահագին նոր դեմքեր։ Ավելի ճիշտ ոչ թե նոր դեմքեր, այլ մարդկանց, որոնց այս տարիների ընթացքում ստվերային ֆիգուրներ են եղել կամ էլ սրա-նրա թեւի տակ բիզնես անողներ։

Ani Product

Ասել է թե` հին օդիոզ դեմքերին ինչ-որ իմաստով փոխարինելու են գալիս նոր օդիոզ դեմքերը, որոնց մասին հասարակությունը գրեթե ոչինչ չգիտի։ Իսկ այ քաղաքական շրջանակներում նրանցից շատերը հայտնի են, կամ էլ հայտնիների աներձագներն են, փեսաները ու այլ ազգականներ:

«ՉԻ»-ն այս ընթացքում կփորձի ներկայացնել ռեյտինգայինների «սյուրպրիզները»` հասարակական լայն շերտերի համար էլ ճանաչելի դարձնելով առաջադրվածներին։ Շարքի առաջին հերոսը և նրա հետ փոխկապակցված անձը, որ դարձյալ ռեյտինգային թեկնածու է, ներկայացնում են ՀՀԿ-ն։ Խոսքը վարչապետի նորանշանակ խորհրդական Սամվել Սանամյանի եւ «Վենեցիա» հյուրանոցային ու ռեստորանային համալիրի սեփականատեր Արթուր Սահակյանի մասին է։

Ընդամենը հաշված օրեր առաջ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։ Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Կոտայքի մարզն ընդգրկող տարածաշրջանում։

Սանամյանը պատահական մարդ չէ. նա հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի փեսան է (քրոջ ամուսինը)։ Սանամյանի անունը ակտիվորեն շրջանառվեց Հրազդանի վերջին ընտրությունների ժամանակ, երբ ապրիլյան քառօրյայից օրեր անց, նրա հովանավորությամբ ՀՀԿ-ն Հրազդանում արեց այն, ինչ սովորաբար անում են մականունավոր ՀՀԿ-ականները` Մալաթիայում, Էրեբունիում, Շենգավիթում կամ Արաբկիրում։ Սանամյանի կողմից խաղի մեջ է մտել նաև Արթուր Սահակյանը։ Ո՞վ է նա։ «Ախպերներ». այսպես են շատերը տեղը բերում Արթուր Սահակյանին։ Սահակյանները երկու եղբայր են` Արտյոմ և Արթուր, որոնք ռեստորանային բիզնեսում հաջողության են հասել նաև Սանամյանի հովանավորությամբ։ Ավելին` բոլորովին վերջերս Սանամյանը կարողացավ Արթուր Սահակյանի համար գործ դասավորել։

Սանամյանը, ինչպես վերեւում նշեցինք, մինչև վարչապետի խորհրդական նշանակվելը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետն էր, ժողովրդի լեզվով ասած` «կանտրաբանդայի պետը», իսկ Արթուր Սահակյանը Բագրատաշենի սահմանային անցակետում էր այդ նույն պաշտոնին։

Նա, էստ էության, Սանամյանի ենթական էր ու շատ «յուղոտ պաշտոնի»։ Արթուր  Սահակյանն ի դեպ եւս դուրս է գալու աշխատանքից, քանի որ առաջադրվել է Կենտրոն եւ Էրեբունի համայնքներն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։

Հավելենք նաև, որ Արթուրի եղբորը` Արտյոմին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ վաղ անցյալում պարգևատրեց անվանական զենքով։ Որևէ մեկն այդպես էլ չհասկացավ` ինչո՞ւ։ Չնայած շատերն էին պնդում, որ աշխատել է Ծառուկյան-Աբրահամյան խնամիական կապը։

Բացատրենք. մինչև ռեստորանային բիզնես մտնելն ու կարևոր տղերք դառնալը, եղբայրներից մեկը` կոնկրետ թեկնածու Արթուրը, եղել է «ախրանիկի կարգավիճակում»։ Վերջինս Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ, «Տեցի կրուգի» գործով անցնող Նեպտունի Համիկի «թայֆից» է եղել։ Վերադառնանք մեր օրերը և հավելենք, որ եղբայրները Էրեբունի համայնքում կառուցել են «Վենեցիա» հյուրանոցային համալիրը, համանուն ռեստորանն էլ` Մանումենտում: Եղբայրներին այս պատճառով էլ կնքել են «Վենեցիայի ախպերները» տարբերակիչ բնութագրումով։

Նկատենք նաև, որ եղբայրները սերտ հարաբերությունների մեջ են գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ։ Նրանց վրա Բաղմանյանը հողեր է վաճառել Մանումենտում, հենց իր տան առջևի հատվածում։ Մանումենտի այգու սկզբնամասը ևս պատկանում է եղբայրներին։ Այս հատվածում նրանք կառուցել են «Հին Մանումենտ» ռեստորանը։

Արթուր Սահակյանն այս օրերին Էրեբունիում, ավելի որոշակի` Սարի թաղում, լուրեր է տարածում, թե իրեն աջակցում է Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը։ Սահակյանը սա անում է իր անձին կարևորություն տալու և քաղաքացիներին մոլորեցնելու նպատակադրումով։

Մեր տեղեկություններով` նրա այս պահվածքը դուր չի եկել Սարի թաղի ու Թոխմախի բնակիչներին, որոնք որոշել են իրենց ձևով պատժել ՀՀԿ թեկնածուին»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

Կիսվեք նյութով՝

Լրահոս