27 Դեկտեմբերի, 2016

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր որոշել էր ամփոփել տարին: Եվ ով քիչ թե շատ գիտի նրան, անմիջապես նկատեցին, որ տարեվերջին ընկեր Աղվանն այնքան ինքնավստահ ու համարձակ չէ, որքան տարեսկզբին էր: Իսկ դրա համար շատ լուրջ պատճառներ կան: Դաշնակ լիդերները, որոնք սովորություն ունեն հանրության առաջ այնպես ներկայանալ, թե իբր իրենց տեսանելի է ապագան մոտ 50 տարվա կտրվածքով, նույնիսկ 50 շաբաթվա համար չկարողացան իրատեսական կանխատեսումներ անել, իսկ երբ երկրում կառավարություն փոխվեց, ջուրը ընկան նաև ՀՅԴ-ի բոլոր մեծ սպասելիքները:
Մաս կազմելով իշխանությանը, ձայն տալով Սահմանադրությանը, նոր «Ընտրական օրենսգրքին» և գովերգելով նոր համակարգային փոփոխությունները՝ դաշնակները հազիվ թե գուշակեին, որ արդյունքում իրենք կմնան դրա փլատակների տակ: Հիմա արդեն տեսանելի է, որ ՀՅԴ-ի ներկայությունը կառավարման համակարգում այլևս պահանջարկ չունի, իսկ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն բոլորովին չի ցանկանում իրեն ամրացված տեսնել դաշնակների կցասայլը: Եվ այս դառն իրականության ֆոնի վրա, Աղվան Վարդանյանին ուրիշ ոչինչ չի մնում, քան արդարանալ նախկին քայլերի համար և կառչել ապագայի փրփուրներից: «Շատերը մեզ փորձում են մեղադրել, փորձում են սրա մեջ տեսնել այլ ենթատեքստը, բայց մի բանում համոզված եղեք, եթե մենք վստահ չլինեինք, որ առաջադրում ենք այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրում իրականացնել, մենք երբեք չէինք գնա համագործակցության»,- ասում է մեկը, ով արդեն գնացել է համագործակցության և հոգու խորքում զղջում է դրա համար:
Ի՞նչ է մնում անելու՝ ասպարեզից վերջնականապես չվռնդվելու համար: Պարզվում է, ՀՅԴ-ն ելքը տեսնում է «ռեմոնտի» մեջ: Ըստ ընկեր Աղվանի` ՀՅԴ-ի վերանորոգումը դառնալու է քաղաքական դաշտում նոր մոտեցումների առհավատչյան, որովհետև դա այնքան իրենց անհրաժեշտ չէ, որքան ազգին: Իսկ ազգն էլ իր հերթին պիտի գիտակցի, որ նոր համակարգի պայմաններում, որքան մեծ լինի ՀՅԴ-ի կշիռը, ներկայացվածությունը խորհրդարանում, այնքան մեր երկրում ներքին կայունություն կապահովի, այնքան մեր երկրում զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն: Մնում է, որ ժողովուրդը հավատա Աղվան Վարդանյանին ու նրա կուսակիցներին: Բայց մի՞թե ժողովուրդն այդ աստիճանի միամիտ է:
Shame.am
kotayk

Լրահոս