21 Նոյեմբերի, 2016

Shame.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրոք միամիտ մարդ է: Ո՞վ է տեսել այդպես հիմնադրամ ստեղծեն՝ մարդկանց բացահայտ ասելով, թե պիտի պարտադիր վճարումներ կատարեն: Եթե նախարարը մի փոքր շրջահայաց գտնվեր ու խորհուրդ հարցներ ավելի փորձառու դեմքերից, հիմա պատկերն այլ կլիներ: Իսկ հիմնադրամների հարցում մեծ փորձի տեր մարդիկ իրոք կան: Օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Պարոն Տարոնն արդեն մի քանի տարի իր ձեռքը պահում է «Երևան» հիմնադրամի գլխին: Դռնեդուռ չի ընկնում, ակցիաներ չի կազմակերպում, գովազդ չի անում: Իսկ գումարները կանոնավոր կերպով կուտակվում են այնտեղ և գնում անհայտ ուղղություններով: Հիմա տեսնենք, թե ինչպես է նրան այդ բանը հաջողվում: Պարզվում է՝ շատ հասարակ: Քաղաքացին գնում է քաղաքապետարան ինչ-որ բանի համար թույլտվություն ստանալու: Ու հենց այստեղ էլ նրան անաղմուկ ուղղորդում են՝ վճարում կատարիր «Երևան» հիմնադրամին ու քո գործերը միշտ աջ կգնան: Սա էլ վճարում է: Եվ այդպես՝ տարիներ շարունակ:

Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև անհնազանդ մարդիկ, որոնք բողոքում են, ահազանգում, բարձրաձայնում թալանի մասին: Հենց այդ պահերին էլ Տարոն Մարգարյանն անմիջապես իր ենթականերին հավաքում է իրար գլխի ու սկսում է բարոյախրատական քարոզ կարդալ: «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաև պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված»,- ասում է նա՝ ձեռքի հետ էլ դասեր տալով Վիգեն Սարգսյանին: Հետո Տարոնն անպայման նշում է, որ նման երևույթներն ուղղակի անընդունելի են և ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա և թե՛ բոլոր այն նվիրատուների, որոնք տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ահա այսպիսի մտահոգված ելույթից հետո նա կրկին վերադառնում է իր բնականոն կյանքին, իսկ հիմնադրամն էլ շարունակում է աշխատել նախկինի նման, բայց փոքր-ինչ զգույշ: Դե սա էլ բիզնեսի մի ձև է, ամեն ինչ կարող է պատահել: Պետք է պարզապես համառ, հետևողական ու խորամանկ լինել, այսինքն՝ այնպես, ինչպես վարվում է Տարոն Մարգարյանը:

Աղբյուրը՝Shame.am






Դիտումների քանակ 1540

 

 

5

 

ՈՒՇԱ

kotayk

Լրահոս