8 Փետրվարի, 2017

Ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Ճիշտ է, այսօր ադրբեջանական կողմը հրադադարն ակտիվ խախտեց, սակայն դա արտառոց դեպք չէ: Արտառոց կլիներ, եթե Ադրբեջանը հրադադարը չխախտեր»,­ ասաց Բաբայանը` անդրադառնալով փետրվարի 7­ին հակառակորդի կողմից շփման գծում սադրիչ գործողությունների դիմելու փաստին: Հարցին` ի՞նչի հետ է կապում վերջին շրջանում ադրբեջանական կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների ակտիվացումը` ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց, որ դրանք կապված են տարբեր երևույթների հետ:

«Դա Ադրբեջանի էությունն է, հայատյաց, ֆաշիստական քաղաքականությունը: Միաժամանակ, կան այլ հանգամանքներ ևս. հունվարի տոնական օրերը Ադրբեջանը մշտապես «շնորհավորում է յուրովի»: Բացի այդ, լրանում է Բաքվում հայերի ջարդերի հերթական տարելիցը, 2017 թվականին լրանում է Շուշիի ազատագրման 25­ամյակը, իսկ Ադրբեջանը ցանկանում է նման գործողություններով քողարկել իր պարտությունը, ձախողված վերջին դիվերսիոն փորձը»,­ ընդգծեց Բաբայանը: Նրա խոսքով` հակառակորդը ոչ միայն սահմաններին է դիմում սադրիչ գործողությունների, այլ նաև դիվանագիտական հարթակներում, մասնավորապես, բլոգեր Լապշինի, ինչպես նաև Արցախում արտադրված ապրանքների հետ կապված:

Փետրվարի 7­ին Ժամը 17:00­ից 18:50­ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ­ոց Դ­44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից, ադրբեջանական զինուժը ինչպես արևելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից և ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22­ը հրանոթներից, 24­ը՝ ականանետերից: Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ՊԲ­ն կորուստներ չունի:

Slaq.am – Լրատվական աղբյուր

 

kotayk

Լրահոս