23 Նոյեմբերի, 2021

Ադրբեջանից վերադարձած գերիների գերեվարման փաստի առնչությամբ քրեական գործեր են հարուցված, և քննվում են գերեվարվելու հանգամանքներ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, բոլոր դեպքերն էլ պետք է քննվեն։ Զինվորը գերի է ընկնում, և մենք չպե՞տք է քննենք, թե ինչ հանգամանքներում է այն եղել։ Ի վերջո, կներեք, կա օրենք և օրինականություն, և յուրաքանչյուր դեպք պետք է քննվի օրենքի և զինվորական երդման հետ հարաբերության մեջ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` պետք չէ այդ մասին թմբկահարել, սակայն մոռանալ էլ պետք չէ այս ամենի մասին։ Վարչապետը նշեց, որ կա իրավիճակ, երբ, օրինակ, զինվորը հերոսաբար կռվել է և դիմադրության ոչ ընդունակ վիճակում գերի է հանձնվել։

«Եթե նույնիսկ որևէ մեկը գերի չի հանձնվում, օրինակ` զենքը կորցնելու համար կա որոշակի ընթացակարգ, դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Այսինքն` այս ամենի մասին պետք է մոռանա՞նք և մոռանանք, որ պետություն ենք, ինչքան էլ շատ ուժեր կան, որ ուզում են այդպես լինի։ Բա զինվորականի երդումն ուղղակի բա՞ն ա»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է քննվի և այնտեղ, որտեղ առիթ կա քրեական պատասխանատվության ենթարկելու, պետք է դա հետևի։

Aurora News

kotayk

Լրահոս