5 Հոկտեմբերի, 2021

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ ընդդիմադիր երկու խմբացությունները դեռ շաբաթներ առաջ դիմել էին ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել Սահմանապահ զորքերի հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, Պաշտպանության նախարարին, ԱԳ նախարարին, ՊԵԿ նախագահին՝ քննարկելու համար սահմաններին տիրող իրավիճակը։

«Ու ունեցանք ԱԺ նախագահության կողմից խոստում՝ արվում է ամեն ինչ, որ հանդիպումը կայանա առաջին դեմքերի մակարդակով, խնդրում եմ տեղեկացնել, թե այդ ջանքերն ի՞նչ արդյունքի են հանգեցրել գոնե այսօրվա դրությամբ»,-ասաց Խաչատրյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե Ալեն Սիմոնյանը երբ գործուղումից վերադառնա, կարող են իր հետ քննարկել հարցը։

«Իսկ, ընդհանրապես, թեմայի հետ կապված ես կարծում եմ՝ այդ ժամանակ, դրանից մի քանի օր հետո կառավարության հետ հարցուպատասխանն էր, որտեղ հենց վարչապետին դուք հնարավորություն ունեիք հարցեր տալու հենց նշված թեմաների  վերաբերյալ»,-ասաց Ռուբինյանը։

Արթուր Խաչատրյանն ասաց, թե ինչ կարող են խոսել նիստերի ժամանակ, մի-փոքր ավելի խորը կարող են քննարկել այլ ֆորմատով, ինչպես տեղի ունեցավ Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե Ալեն Սիմոնյանի ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ պայմանավորվել էին, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ու ստանձնեցին այդ պարտավորությունը հանդիպումը կազմակերպելու։

«Ցավոք, առ այսօր չունենք մենք այդ հանդիպումը»,-ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ բազմաթիվ հարցերի պատասխան տրվի առանձին քննարկումների միջոցով։

«Մենք սա ենք ուզում, այլ ոչ թե հրապարակային ինչ-որ շոուի տարրեր պարունակող գործողություններ, որովհետև այն, ինչ այս օրերին կատարվում է Սյունիքում, տարածաշրջանում տարբեր դերակատարների կողմից հայտարարությունների առումով, ուղիղ սպառնալիք է մեր անվտանգությանը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

kotayk

Լրահոս