8 Նոյեմբերի, 2016

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կոչին, որով առաջարկվում էր կոալիցիա կազմել եւ միասին Վանաձորի ավագանու կազմում մեծամասնություն ունենալ:

«Հայկական վերածնունդն» այդ կոչն ընդունելու համար երկու տարբերակ է առաջարկում: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

««Հայկական վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կան լոկալ ազդեցության քաղաքական ուժեր և ուժեր, որոնք հանրապետական մասշտաբի ազդեցություն ունեն:

Շնորհավորում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը Վանաձորում գրանցած լավ ցուցանիշների համար և միաժամանակ արձանագրում, որ «Լուսավոր Հայաստանը» Հանրապետության որևէ այլ համայնքում էական արդյունքներ չի գրանցել, մինչդեռ «Հայկական վերածնունդը» և´ Գյումրիում և´ Վանաձորում գրանցել է կայուն երրորդ ցուցանիշը, ակտիվորեն մասնակցել և հաղթել է հանրապետության հարյուրավոր համայնքներում՝ համայնքի ղեկավարների և ավագանիների ընտրություններում:

Հաշվի առնելով վերը նշված փաստը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է երկու տարբերակ: Առաջին, որ ՀՎԿ-ն պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում:

Տարբերակ երկրորդ` մենք առաջարկում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:

Ի հավելումն նաև նշում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական համախմբումը հնարավորություն կտա երկրում որակական փոփոխություն արձանագրել և, եթե «Լուսավոր Հայաստանը» իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել ուժերը և գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն տարածելով ամբողջ երկրում»:

Հիշեցնենք, որ այսօր կուսակցության կենտրոնական շտաբում հրավիրված ասուլիսում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր. «Այս պահին, պաշտոնապես առաջարկում ենք «Հայկական վերածնունդ» կուսակցությանը եւ ԲՀԿ-ին՝ միասին ձեւավորել տեղական իշխանություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնում: Այդ կոալիցիայի արդյունքում կարող ենք ընտրել քաղաքապետ, ձեւավորել իշխանություն, սկսել համատեղ աշխատել»:

ԲՀԿ-ն դեռ քննարկում է առաջարկը:

armtimes.com

kotayk

Լրահոս