24 Նոյեմբերի, 2021

Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ Մագդալենա Անդերսոնը, հրաժարական է տվել երդմնակալությունից ժամեր անց: Այս մասին հայտնել է SVT պետական հեռուստաալիքը:

Շվեդիայի խորհրդարանը (Ռիկսդագ) նրան կառավարության նոր ղեկավար է ընտրել նոյեմբերի 24-ի առավոտյան՝ իր կուսակից գործընկեր Ստեֆան Լոուենի հրաժարականից հետո։

Անդերսոնն այդպիսով գլխավորում էր «Կանաչներից» և Սոցիալ-դեմոկրատական ​​աշխատավորական կուսակցությունից կազմված կոալիցիոն կառավարությունը:

Խորհրդարանում նրա աշխատանքային առաջին օրը լսումներ են տեղի ունեցել բյուջեի վերաբերյալ: Քննարկման ժամանակ կառավարությանն աջակցող ցենտրիստական ուժը դուրս է եկել բյուջեի քննարկումից, ինչից հետո աջակողմյան ընդդիմության առաջարկած նախագիծը, ինքնաբերաբար ստանալով ձայների մեծամասնությունը, հաստատվել է խորհրդարանի կողմից:

Դրանից հետո «Կանաչները» հրաժարվել են աշխատել նման բյուջեով կառավարությունում և դուրս եկել  կոալիցիայից, ինչը Շվեդիայում արդեն իսկ նախատեսում է վարչապետի հրաժարական:

Անդերսոնը խորհրդարանի խոսնակին ասել է, որ պատրաստ է ղեկավարել նաև միակուսակցական կառավարությունը, եթե իրեն Ռիկսդագում կրկին ընտրեն:

«Ինձ համար դա հարգանքի խնդիր է: Ես չեմ ուզում ղեկավարել մի կառավարություն, որի լեգիտիմությունը կարող է կասկածի տակ լինել»,- ասել է նա:

Անդերսոնը Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։ Նա Շվեդիայի ֆինանսների նախարարն է 2014 թվականից, ինչպես նաև դարձել է առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը կառավարությունում:

kotayk

Լրահոս