12 Դեկտեմբերի, 2016

«Հրապարակ»-ը նամակ է ստացել Վանաձորի քաղաքացի Հ. Ավագյանից, որտեղ մասնավորապես նշված է, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի անմիջական մասնակցությամբ քաղաքի հանցավոր տարրերը ստիպել են երբեմնի ծաղկող «Վան-նետ» կազմակերպության ղեկավարին հրաժարվել բիզնեսից: Չհասնելով ցանկալի արդյունքի՝ ամենուր ոչնչացնում են ընկերության գույքը, ահաբեկում անձնակազմին. «Արդյունքում ընկերությունը սնանկացավ, իսկ ղեկավարը հոգեբուժարանում է: Ամենից զավեշտալին այս պատմության մեջ այն է, որ Դարբինյանը Վան-նետի բոլորովին առողջ ղեկավարին հոգեբուժարանում ազատազրկել է անձնական «սպիտակ» կիլլեր՝ ՀՀԿ չորրորդ համարի թեկնածու Գայանե Քալանթարյանի օգնությամբ, (տիկինը օրենքով սահմանված կարգով պետք է հայտներ հանցագործության մասին ոստիկանությանը և ՀՔԾ) նրան պատկանող հոգենյարդաբանական կլինիկայում»:

Ավագյանը խնդրում է ընկերության աշխատակիցների և երբեմնի հպարտ վանաձորցիների ձայնը հասցնել ՀՀ նախագահին և Վանաձոր քաղաքում կամ կասեցնել ՀՀԿ գործունեությունը, կամ առնվազն հետաձգել ընտրությունները:

Մեզ հետ զրույցում Սամվել Դարբինյանն ասաց, որ ինքը մեզանից է լսում նման բանի մասին, և եթե նման բան է արել, թող դատի տան. «Բա դատարանը ինչի՞ համար ա, սա պետություն ա չէ՞, հո՞ հանցագործների աշխարհ չի, որ ում խելքին ինչ կտրի՝ անի: Ես ի՞նչ գործ ունեմ Վան-Նետի հետ, ես ի՞նչ գործ ունեմ տենց բաների հետ: Քաղաքապետությունից դուրս եկանք, դեռ դրանց շանտաժներից չե՞նք պրծել: Նման բան չկա, դա լրիվ զրպատանք ա»:

Դարբինյանը նշեց, որ նամակը ուղարկողին դատի է տալու, որովհետև ոչ մի բանից ինքը տեղյակ չէ: «Գայանե Քալանթարյանը նորմալ մարդ ա, ավագանու անդամ ա, նա ո՞նց կարա հանցագործներին աջակցի, տենց բան չկա ու չի լինի, կարող եք Քալանթարյանին զանգել և տեսնել: Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում, էդ գրողները երևի իրականում հոգեկան հիվանդ են, այ դրանց կմիջնորդենք, որ Քալանթարյանը տանի բուժի»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս