Հովիկ Աբրահամյանը կատարեց Տիգրան Սարգսյանի պահանջը

0

Ազգային ժողովի իշխանական խմբակցությունները տապալեցին ԱԺ արտահերթ նիստը, որտեղ նախատեսված էր քննարկել կենսաթոշակային բարեփոխումների հարցը:Արտահերթի համար նախապես ստորագրահավաք էր կազմակերպվել ոչ իշխանական խմբակցություններից. «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից և անկախ պատգամավորներից հավաքվել էին բավարար թվով ստորագրություններ, սակայն «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները պարզապես չներկայացան: Արդյունքում քվորում չապահովվեց, և նիստը չկայացավ:

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ խմբակցությունից գրություն են ստացել, որ Հանրապետականը նպատակահարմար չի գտնում մասնակցել արտահերթ նիստին և բոյկոտում է այն: Սա այն դեպքում, երբ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նախապես հայտարարել էր, որ ՀՀԿ-ն չի տապալի արտահերթը: Սրանով խորհրդարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը մեկ կենտրոնից կառավարվող մարմին է, պատգամավորները չունեն իրական անկախություն, իսկ խորհրդարանը շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդ:

Հասկանալի է, որ եթե անգամ արտահերթը գումարվեր, միևնույնն է, «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու հնարավորությունը, որը ստորագրահավաքը նախաձեռնողների հիմնական պահանջն է, պիտի որոշվեր քվեարկությամբ: Իշխանությունը, այսպես թե այնպես, հնարավորություն ուներ որոշումը կայացնել քաղաքական մեծամասնության և կառավարության ցանկությամբ, այսինքն՝ ինչպես միշտ: Բայց քաղաքական մեծամասնությունը նպատակահարմար չգտավ անգամ գոնե հարցը քննարկել, հասկանալ այն պատճառները, որը հատկապես հարցեր է առաջ բերել: Հիշեցնենք, որ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը, որով սահմանվում է՝ 1974 թվականից հետո ծնվածները պարտավոր են իրենց աշխատավարձի հինգ տոկոսը կուտակել կենսաթոշակային ֆոնդերում, նույնքան էլ ավելացնելու է պետությունը: 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող անձինք պարտավոր են կուտակել իրենց վաստակածի 10 տոկոսը: Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող և համեմտաբար բարձր վաստակող մասնագեները սա համարում են իրենց դեմ ուղղված ունեզրկում:

«Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից` 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր և այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը և լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից: 2. Աշխատակցի մասնակցությունը չգերազանցի զուտ աշխատավարձի 2.5%-ը, բայց ոչ ավել, քան 25.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ներկայիս տեմպերը` գործող օրենքով պահանջվող հատկացումների իրական տոկոսադրույքը ահռելի բեռ է հանդիսանում ընտանեկան ընթացիկ բյուջեի վրա: Հավատացնում ենք Ձեզ, որ այս խնդրի դրական լուծումը կկանխի ոչ միայն երկրից արտահոսքի աճը, այլ նաև ստվերային աշխատավարձերի զանգվածային աճը»,- նշել էին ավելի քան հինգ տասնյակ ընկերություններ` վարչապետին ուղղված բաց նամակում:

Սակայն վարչապետը նախօրեին՝ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց, որ, միևնույնն է, իրենք շարունակելու են, նահանջ չի լինի: Ընդ որում, կառավարությունն ամեն կերպ փորձում է պնդել, որ այդ ռեֆորմն արվում է հենց քաղաքացիների համար, նրանց իսկ շահերից: Բայց հասարակությունը, փաստորեն, չի վստահում կառավարության բարեփոխումներին. Տիգրան Սարգսյանը երևի աշխարհի միակ վարչապետն է, ով ուզում է լավ բան անել իր ժողովրդի համար, իսկ հայ հասարակությունն էլ համառորեն հրաժարվում է: Զուտ քաղաքական ինտրիգի տեսանկյունից` ստացվում է, որ ԱԺ-ն ու Հովիկ Աբրահամյանը հլու հնազանդ կատարեցին կառավարության ու Տիգրան Սարգսյանի պահանջը:

 

Կարինե Սարիբեկյան