19 Սեպտեմբերի, 2022

Արցախի գլխին պատերազմ բերելուց, Արցախի պետականությունը փլուզելուց, հազարավոր զոհերի պատճառ դառնալուց ու վերջում 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարություն ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու գործով է զբաղված (չհաշված պետական բյուջեի մեջ ձեռքերը մտցնելն ու իր շրջապատի կապիտալի կուտակմանը նպաստելը)՝

–սեփական կաշին փրկելը,

Ani Product
Ani Product

–սեփական մեղավորոթյունն այլոց վրա գցելը։

44–օրյա պատերազմի մեղքը նա գցեց նախկինների, գեներալների, զինվորների, հայ ժողովրդի վրա։ Ոմանք այդ կուտը կերան։

Հետո Նիկոլն աթոռին մնաց ու վերարտադրվեց՝ «Խաղաղություն եմ բերելու» բլեֆի միջոցով։ Ոմանք կրկին կուտը կերան։ Դա ամենալկտի սուտն էր, որը հրամցվել էր Նիկոլի կողմից։

Խաղաղություն չեղավ։ Թշնամին հարձակվեց Հայաստանի վրա։ Կրակի տակ հայտնվեցին Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի բնակավայրերը։ Ջերմուկը դատարկվել է։

Նիկոլը հիմա քարոզչական ամբողջ գործիքակազմով այս ամենի մեղավոր է նշանակում ՌԴ–ին ու ՀԱՊԿ–ին։ Ինքը ձախողել է խաղաղության օրակարգն ու «պոդստավկա» է անում Մոսկվային ու անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։

Հայաստանում հակառուսական հիստերիան հասել է վտանգավոր սահմանագծին։ Եվ ահա այս պայմաններում Երևան է ժամանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նրա այցին նիկոլական թիմն ու քարոզչագործիքները տալիս են Հիսուսի երկրորդ գալստյան կարգավիճակ։ Տիկինը հակառուսական, հակաչինական, հակաիրանական մեսիջներ է տալիս ու գովերգում «դեմոքըրըսին»։ Զուգահեռաբար ընթանում են հակառուսական ակցիաներ։ Նիկոլականները խրախուսում են հակառուսական հիստերիան ու ՀՀ քաղաքացիների մոտ առաջացնում ԱՄՆ–ից չափազանցված սպասումներ։ Վախեցած ու մոլորված մեր ժողովուրդն էլ տեր է ման գալիս ու նիկոլենց պասով հիմա գտնում է նոր տեր՝ ի դեմս ԱՄՆ–ի (Արցախում ու Հայաստանի սահմանին ռուսական զորքն է կանգնած, բայց ոմանք հայհոյում են Ռուսաստանին ու անվտանգություն մուրում ԱՄՆ–ից, որը անկեղծորեն ասել է, որ այդ հարցում ինքը ոչինչ չի խոստանում)։

Հարց կարող է առաջանալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում, որ ԱՄՆ–ից ու ՆԱՏՕ–ից անվտանգային աջակցություն չի կարող ստանալ ՀՀ–ն (հատկապես, որ ԱՄՆ–ը հայտարարում է, որ ոչինչ չի կարող տալ, բացի «դեմոքըրըիսիի» մասին հայտարարություններից ու Ծիծեռնակաբերդում հոլիվուդյան արցունքներից)։ Շատ լավ էլ հասկանում է, բայց փորձում է իր ապագա ձախողումների համար «էս գլխից» նոր մեղավոր նշանակել։

Նիկոլը խոստումներ է տվել Ալիևին ու մեր թշնամիների մոտ առաջացրել ստանալիքների սպասումներ, բայց գիտի, որ եթե այդ սպասումները թղթով բավարարի, ապա ներքին ռեակցիայի է արժանանալու։ Ուստի գնում է արյունով հանձնելու ճանապարհով, բայց որպեսզի մեղավոր չդառնա, հիմա էլ «պոդստավկա» է անում ամերիկացիներին՝ «Ժողովու՛րդ ջան, հրե՛ն, ես ամեն ինչ արեցի, որ ամերիկացիներին բերեմ, բայց նրանք մեզ չօգտեցին, ես՝ խեղճս, ի՞նչ կարող եմ անել» թեմայով։ Ասել է թե՝ ամերիկամետ հիստերիա հրահրելով՝ Նիկոլն իր բերելիք աղետների համար պատրաստվում է ԱՄՆ–ին մեղավոր նշանակել ու կաշին այդպես փրկել։ Հետևաբար՝ ամերիկամետ հիստերիան իրականում թշնամացնելու է մեզ ԱՄՆ–ի հետ, ինչը նույնքան վտանգավոր է, որքան հակառուսական հիստերիան։

Նիկոլը զգում է, որ միայն Հայաստանի կործանմամբ կա իրեն փրկություն։ Դրա համար էլ ամբողջ աշխարհի հետ կռվեցնում է մեզ, որ հետագայում իրենից «ատչոտ» պահանջող սուբյեկտը չլինի։

Մարազմն այն է, որ նրա կողմնամիցներն այս ամենից հետո էլ կասեն, թե բա՝ խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, ամբողջ աշխարհն էր մեր դեմ․․․

Աղբյուր՝ 7or.am

Լրահոս