1 Հուլիսի, 2022

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը  ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հրաժարվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»,- գրել է Մամիջանյանը։

Միաժամանակ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները։

 

kotayk

Լրահոս