1 Հոկտեմբերի, 2022

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը նորակոչիկները չեն ներգրավվի և զորացրվելուց հետո կկարողանան տուն գնալ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի տեղակալ, փոխծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։
Ըստ հրապարակված հրամանագրի՝ աշնանային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 1-ին: 
Զորակոչիկների ծնողներին Ցիմլյանսկին խնդրել է չանհանգստանալ որդիների համար։ Նրա խոսքով՝ զորակոչից ուղիղ մեկ տարի անց նրանց դիմավորելու են ուժեղացած և հայրենիքի իսկական պաշտպան դարձած:

«Ցանկանում եմ հանգստացնել նորակոչիկներին և նրանց ծնողներին ու հիշեցնել, որ զինվորական ծառայության կանչված քաղաքացիները չեն ներգրավվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, իսկ զորակոչով բոլոր զինծառայողները, որոնց ծառայության ժամկետը լրացել է, կզորացրվեն և ժամանակին կուղարկվեն բնակության վայրեր»,-ասել է Ցիմլյանսկին։

Նրա խոսքով՝ զորակոչից պետք չէ վախենալ, բայց դրան պետք է պատրաստվել։
Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՌԴ ԶՈւ-ում զինվորական ծառայության կանչել 120 հազար մարդու: Իսկ հոկտեմբերի 1-ից կզորացրվեն այն զինվորները, նավաստիները, սերժանտներն ու ավագները, որոնց զինվորական ծառայության ժամկետը լրացել է:

kotayk

Լրահոս