8 Օգոստոսի, 2022
Այս իշխանությունները ժամանակին դժգոհում էին, որ նախկիները պետության վրա պարտքի մեծ բեռ են կուտակում։ Թվում էր, թե իշխանության գալուց հետո պիտի մտածեն պարտքը թեթևացնելու մասին։ Բայց հակառակն են արել՝ պարտքի բեռը վերջին տարիներին սկսել է ավելի արագ աճել։ Եվ ոչ միայն աճել. պարտքն այս տարվա սկզբին նաև կտրուկ թանկացել է։

Վերջին տվյալներով, պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը հասել է 5,5 տոկոսի։ Նախորդ տարվա վերջին 4,7 տոկոս էր։

Ընդամենը վեց ամսվա ընթացքում պարտքը թանկացել է 0,8 տոկոսային կետով։

Երբեք Հայաստանի պետական պարտքն այսքան թանկ չի եղել։ Մեկ տարի առաջ պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը տատանվում էր 4,2-4,3 տոկոսի սահմաններում։ Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է թանկանալ 1,2-1,3 տոկոսային կետով։

Սա ենթադրում է բավական լուրջ ֆինանսական ճնշում պարտքի սպասարկման վրա։ Խոսքը հիմնականում բյուջեից կատարվող հատկացումների մասին է, որովհետև պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են և սպասարկվում են բյուջեի հաշվին։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքը կազմում է ընդհանուր պարտքի գրեթե 94,5 տոկոսը։

Մնացած ընդամենը 5,5 տոկոսը Կենտրոնական բանկի պարտավորություններն են։

Որքան թանկանում է պարտքը, այնքան կառավարությունը ստիպված է ավելի շատ միջոցներ հատկացնել դրա սպասարկման համար։ Պարտքի յուրաքանչյուր 0,1 տոկոս թանկացումը միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր է ենթադրում պետական բյուջեում։ Մի կողմից՝ պարտքի թանկացման, մյուս կողմից՝ պարտքի ավելացման հետևանքները մենք տարեցտարի տեսնում ենք հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման տեսքով։ Բացառություն չի եղել նաև այս տարին։

Տարեսկզբի 5 ամիսներին պետական պարտքի կառավարության պարտավորությունները սպասարկելու համար բյուջեից վճարվել է ավելի քան 95 մլրդ դրամ՝ 10 միլիարդով ավելի, քան անցած տարի։ Եթե այդ գումարը վերածենք տարադրամի, ապա կստացվի առնվազն 200 մլն դոլար։

Այդքան գումար 5 ամսվա ընթացքում կառավարությունը վճարել է իր բաժին պարտքային պարտավորությունների տոկոսները սպասարկելու համար։

Շատ ավելի մեծ միջոցներ են պահանջվել ներքին, քան արտաքին պարտքի սպասարկման համար՝ չնայած արտաքին պարտքը կրկնակի գերազանցում է ներքինին։ Բայց քանի որ ներքին պարտքը շատ ավելի թանկ պարտք է, քան արտաքինը, հետևաբար՝ դրանց սպասարկման ծախսերն էլ տարբեր են լինում։

Վերջին մեկ-երկու տարիներին կառավարությունը փոխել է պարտքի կուտակման ռազմավարությունը և հետևողականորեն ավելացնում է ներքին պարտքը, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում պարտքի թանկացման վրա։

Հրապարակված վերջին տվյալներով, կառավարության արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ 954 մլն դոլար։ Ներքին տնտեսական միջավայրից ներգրաված պարտքի պարտավորությունները հասել են 3 մլրդ 436 մլն դոլարի։

Տարեսկզբի առաջին 5 ամիսներին արտաքին պարտքի տոկոսավճարները սպասարկելու համար կառավարությունը պետական բյուջեից վճարել է 34,8 մլրդ դրամ։ Ներքին պարտքի սպասարկումը կազմել է 60,5 միլիարդ՝ գրեթե կրկնակի ավելի շատ, քան արտաքին պարտքի տոկոսավճարների սպասարկման ծախսերն են եղել։

Ի տարբերություն ներքինի, կառավարության արտաքին պարտքն այս տարի նույնիսկ նվազել է։ Անցած տարվա վերջին այն հասնում էր 6 միլիարդ 190 մլն դոլարի։ Այս տարվա հունիսի վերջին եղել է 5 մլրդ 954 միլիոն։ Վեց ամսում կառավարության արտաքին պարտքը կրճատվել է 236 միլիոնով։

Փոխարենը՝ ներքին պարտքն ավելացել է։

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 31-ին կառավարությունն ուներ 2 մլրդ 577 մլն դոլարի ներքին պարտք։ Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ այն հասել է 3 մլրդ 436 միլիոնի։ Վեց ամսում ներքին պարտքն ավելացել է 859 միլիոնով։

Սա ներքին պարտքի շատ կտրուկ աճ է, բայց այն պարունակում է նաև հաշվարկային բաղադրիչ։

Ներքին պարտքի այսպիսի աճի վրա ուղղակի ազդեցություն է ունեցել դոլարի փոխարժեքի նվազումը։

Թեև դա չի նշանակում, թե ներքին պարտքի աճը միայն դրանով է պայմանավորված։ Այս տարի ևս կառավարությունը շարունակել է այն ավելացնել դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Վեց ամսում այդ հատվածից ներքին պարտքը համալրվել է ևս 166 մլրդ դրամով։

Դրամայինից բացի, ներքին շուկայից կառավարությունը նաև տարադրամային միջոցներ է ներգրավել՝ արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման միջոցով։ Խոսքն ավելի քան 100 մլն դոլարի մասին է։

Ըստ այդմ, կառավարության ներքին տարադրամային պարտքը հասել է 264 մլն դոլարի։

Տարեսկզբին թանկացել է կառավարության՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։

Ընդամենը 6 ամիս առաջ արտաքին պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը կազմում էր 1,5 տոկոս։ Այս տարվա մարտից սկսած, այն թանկացել է և արդեն հունիսի վերջինի հասել է 2 տոկոսի։ Դժվար է ասել, թե հատկապես ո՞րն է եղել արտաքին պարտքի այսպիսի կտրուկ աճի պատճառը։ Ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել կառավարության պարտքի կազմում առկա որոշ փոխարկելի արժույթների լողացող տոկոսադրույքների հետ։

0,3 տոկոսային կետով բարձրացել է նաև պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը՝ չնայած այն առանց այդ էլ ցածր չէ։ Վերջին տվյալներով, դրանց գինը հասել է 10,4 տոկոսի։

Անփոփոխ է մնացել կառավարության արտարժութային պետական պարտատոմսերի գծով ներգրավված միջոցների տոկոսադրույքը։ Այն շարունակել է պահպանել 5 տոկոսի մակարդակը։

Տարվա ընթացքում իրականացված՝ ինչպես նոր ներգրավումների, այնպես էլ՝ փոխարժեքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում Հայաստանի պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 10 մլրդ դոլարի սահմանին։

Պաշտոնական տվյալներով, հունիսի 30 դրությամբ պետական պարտքը կազմել է շուրջ 9 մլրդ 932 մլն դոլար, որից կառավարության բաժինը 9 միլիարդ 390 միլիոն է։ Եվս շուրջ 542 մլն դոլարի պարտք ունի Կենտրոնական բանկը։ ԿԲ պարտավորություններն այս տարի ավելացել են 84 մլն դոլարով։

Աղբյուրը՝ 168.am

kotayk

Լրահոս