Առերևույթ էր, որ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները խախտված են. բազմաթիվ մարդիկ՝ առանց դիմակների էին, հնչում էր կենդանի երաժշտություն ու չէր պահվում սոցիալական հեռավորություն:
Մամուլը գրեց, որ այդ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին, Ոստիկանությունն ու Սննդի անվտանգության տեսչական մարմինը հաջորդ օրն այցելեցին նշված տարածք, Հայկ Սարգսյանը գրառում արեց, որ տուգանվել է 10 000 դրամով՝ դիմակ չդնելու համար, ինչպես նաև ներողություն խնդրեց պարետատնից ու քաղաքական թիմից:
Ինչ վերաբերում է բիզնեսն իրեն պատկանելու մասին լուրերին, Հայկ Սարգսյանը գրել էր, որ լողափն իրեն չի պատկանում, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Ինչ վերաբերում է խախտումներին, ապա Սննդի անվտանգության տեսչությունը հայտարարեց, որ ամենախիստ պատիժն է սահմանվել. White Shorja հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով:
Իհարկե, բաց մնացին հետևյալ խախտումները. կենդանի երաժշտություն, տնտեսվարողին տուգանել՝ առանց դիմակի քաղաքացիներ տարածքում ունենալու համար, մենահամերգ կազմակերպելու համար և այլն:
Ինչևէ, Պետական եկամուտների կոմիտեի կայքում White Shorja անունով գրանցված տնտեսվարողի Tert.am-ը չգտավ, և հարցում ուղարկեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, պարզելու համար, թե գրանցվա՞ծ է, թե ոչ ընկերությունը, ում անունով, երբվանից, հարկատո՞ւ է, թե ոչ:
ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը, Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Գրությամբ նշված «White Shorja» անվանումը կրող լողափում գործունեություն է իրականացնում անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արկադիի Մելքումյանը (ՀՎՀՀ 75451062, գրանցման համար 74.1132654), ով պետական հաշվառում է ստացել 18.06.2020թ֊ին և համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Անհատ ձեռնարկատերը 29.07.2020թ. դրությամբ ունի գրանցված վարձու աշխատողներ և ՀՀ Կառավարության սահմանված կարգով գրանցված նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա, որով արտացոլվում է իրացման շրջանառությունը:
Գրությամբ խնդրարկված՝ վճարված հարկերի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը դեռ չի լրացել՝ պայմանավորված անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկման հատուկ համակարգում գործունեություն իրականացնելով»:
Թե քանի գրանցված աշխատող ունի Արտյոմ Մելքումյանը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պարտադիր վճարների ցանկից պարզել չհաջողվեց, ՀՎՀՀ-ով որոնման արդյունքում կայքը որևէ տվյալ ցույց չի տալիս, ինչը, հավանաբար պայմանավորված է ՊԵԿ գրության մեջ նշված տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական հաշվառման օրվանից հարկային պարտավորությունների վճարման վերջնաժամկետը չլրանալու հանգամանքով:
Նշենք, որ Արտյոմ Մելքումյանը Նաիրի և Հայկ Սարգսյանների մտերիմ ընկերն է, նրա ֆեյսբուքյան էջը և վերջին շրջանում Հայկ և Նաիրի Սարգսյանների հետ հրապարակած համատեղ լուսանկարները սոցիալական ցանցերում վերջին երկու օրում հասանելի չեն, սակայն Tert.am-ը նախքան հարցման պատասխանը ստանալը ֆիքսել ենք նրանց համատեղ լուսանկարներից մի քանիսը, ինչպես նաև լուսանկարներ, որոնք արվել են 2016 և 2017 թվականներին և հասանելի են Արտյոմ Մելքոնյանի եղբոր ֆեյսբուքյան էջում:
Tert.am-ին հայտնի դարձավ, որ Արտյոմ Մելքոնյանը ճամբարակից է, նրանք ընտանիքներով վաղեմի ընկերներ են Սարգսյանների հետ: Արտյոմ Մելքոնյանը 21 տարեկան է, 2017-ին զորակոչվել է բանակ, 2019-ի հուլիսին զորացրվել, իսկ 2020 հունիսին արդեն Սևանի ամենախոշոր լողափի տերն է:
Նշենք, որ «Սևան ազգային պարկ» Tert.am-ը հարցում է ուղարկել, թե երբվանից, ինչ սկզբունքով ու ինչի հիման վրա է շահագործվում տարածքը, և եթե այն «Սևան ազգային պարկի» կողմից տված է վարձակալությամբ, ապա որքան գումար է վճարում տնտեսվարողը:
Բացի այդ, Կադաստրի պետական կոմիտեից տվյալներից պարզ է դառնում,որ այդ տարածքը 2009 թվականից պատկանում է Ռուբեն Չախմախչյանին:
Ինչ վերաբերում է White Shorja լողափին, ապա չնայած Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից սննդի գործունեության դադարեցմանը, ապա այնտեղ ժամանցը շարունակվում է: Տնտեսվարողի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որ բողոքարկելու են այդ որոշումը, սակայն մինչ այդ լողափ կարող են գնալ իրենց հետ տանելով սնունդ, օգտվելով լողափից, լողավազանից ու մնացած այլ ծառայություններից:
Հեղինակ Բեթղեհեմ Արաբյան