Արտակարգ դեպք Սյունիքում. «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք»՝ հրազենից. 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

22
Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Շ-ն է։

Պարզվել է նաև, որ վերջինս իր բնակության վայրի վարչական տարածքում գտնվող «Թուրուսի խութ» կոչվող վայրում «ԱԿՍ» տիպի ինքնաձիգով կրակել է իր ծնոտի շրջանին, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Կայքի տեղեկություններով՝ կարճ ժամանակ անց Գորիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սամվել Շ-ի ընկեր, համագյուղացի, 53-ամյա Ռոմիկ Գ-ն և ոստիկաններին է ներկայացրել նշված ինքնաձիգը՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում, Սամվել Շ-ի կրծքավանդակի վրա դրված։

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։