Դատախազությունը դիմել է դատարան` նախկին նախարարի ապօրինի գույքը բռնագանձելու պահանջով

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու նրա հետ փոխկապակցված 2 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու պահանջով։

Ani Product

Ինչպես հայտնում են դատախազությունից, պահանջում մասնավորապես հիշատակվում են.

Ani Product

• Երևանում գտնվող 2 բնակարաններ, 1 բնակելի տուն, 1 հյուրանաոցառեստորանային համալիր, 1 ավտոտնակ, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասեր, որոնց միջին շուկայական արժեքն ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ է,

• 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,

• բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդ, 4․391․805․299 ՀՀ դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում:

Հիշեցնենք` հունվարի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ավարտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործը։

Գործի նախաքննությամբ բացահայտվել էր, որ կոռուպցիոն բնույթի չարաշահումներում ներգրավված են եղել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը:

Պարզվել է, որ, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Արամ Հարությունյանը գործարար Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել` նրան հանքերի շահագործման թույլտվություն տալու դիմաց։

2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հարությունյանը Սուրեն Ավագյանի միջոցով գործարար տիկնոջից ստացել է 6 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Կաշառքի մնացած 8 մլն ԱՄՆ դոլարը Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումների եղանակով: Այնուհետև այդ գումարը փոխանցվել է Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Հարությունյանի պահանջով նրա մտերիմները մեկնել են ԱՄԷ, որտեղ գումարների մի մասը կանխիկացրել են, իսկ 3 մլն դոլարը փոխանցել Հարությունյանի և նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին:

Դրանից հետո Հարությունյանն ինքն է մեկնել ԱՄԷ ու կաշառք ստացած գումարը կանխիկացրել տարբեր բանկային գործողությունների միջոցով։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կազմակերպված խմբի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը):

Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Հաշվի առնելով, որ վերջինները խուսափել են քրեական վարույթին մասնակցելուց, վարույթն իրականացվել է հեռակա։

Արամ Հարությունյանի, Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող 30 մլն ԱՄՆ դոլարի չափով գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք է դրվել:

Նախկին նախարարի հետ փոխկապակցված Արաքս Դիլանյանի ու Վիկտոր Մարտիրոսյանի մասով նախաքննությունը շարունակվում է։

Հավելենք, որ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2019-ի հունվարին։