Խաչատուր Սուքիասյանի որդին Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ծառայել է Երևանում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ծառայել է Երևանում: Ալբերտ Սուքիասյանը 2015 թվականի երկրորդ՝ ամառային զորակոչին, Կենտրոնական զինկոմիսարիատից զորակոչվել է Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախում) գտնվող զորամաս: Հաղորդում է «Հետք»-ը։

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանը՝ Ալբերտ Սուքիասյանը ծառայել է արդյոք, և եթե այո` որտեղ, հայտնել է զորամասի համարը, որտեղ անցել է Ալբերտ Սուքիասյանի ծառայությունը: Նշված զորամասը, ինչպես արդեն գրել ենք, տեղակայված է Երևանում:

«Որդիս սպորտսմեն է, էն ֆիզիկական պատրաստվածությունը, որ նա ունի, շատ քչերն ունեն: Դրա համար ծառայել է այն զորամասում, որտեղ սպորտսմեններն են ծառայում: Իմ որդու սպորտային պատրաստվածության աստիճանը շատ բարձր է, կարող եք այսօր էլ ստուգել, կտեսնեք՝ ինչեր կարող է անել»,-մեզ հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով՝ որդին մի քանի սպորտաձևից, մասնավորապես՝ ձիասպորտում և ազատ ոճի ըմբշամարտում բավական շատ հաջողություններ է գրանցել:

Խաչատուր Սուքիասյանը բացառում է իր գործոնը որդու՝ Երևանում ծառայելու հարցում, հիշեցնում, որ որդին նախկին իշխանությունների օրոք է ծառայել:

«Ես չեմ էլ խառնվել, ասում են՝ 40 կգ բեռը կապում էր ոտքերին, բարձրացնում, այդպես քչերը կարող են»,-ասաց նա:

Այնուհետև Խաչատուր Սուքիասյանն օգնականի միջոցով փոխանցել էր, որ որդին բազմաթիվ գավաթներ է ստացել ու լավագույն սպորտսմեն կոչմանն արժանացել: Երբ մանրամասներ խնդրեցինք մրցույթների մասին, պատգամավորի օգնականը խոստացավ ճշտել և կապ հաստատել, սակայն այդպես էլ արձագանք չստացանք: