Վարդևան Գրիգորյանի տան բակում կատարվածը տեսագրված է

3

Գյումրիում այսօր չհայտարարված սուգ է: Մանկավարժականի նախկին ռեկտոր, ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ չեղյալ են համարվել անկախության 25-ամյակի միջոցառումները, ավագանու ընտրությունների քարոզարշավը դադարեցված է: Միաժամանակ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է, ըստ դատախազության վարկածի, Արշակն ինքնասպան է եղել Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող Գրիգորյանների տան նկուղում:

Գրիգորյանները հարազատներով բակում են եղել, երբ նկուղից կրակոցներ են հնչել: Բակում կանգնածները չորսն են եղել: Նրանք շտապել են ձայնի ուղղությամբ: Դիակը առաջինը հայտնաբերել է հանգուցյալի հորաքրոջ որդին: Հենց նա էլ հանել է մարմինը նկուղային հատվածից: Գրիգորյանների տան բակում տեղադրված են եղել արտաքին զննության տեսախցիկներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած իրավապահները առգրավել են տեսագրող սարքերի ժապավենները: Սա նշանակում է, որ բակում կատարվածը տեսագրվել է: Թե հատկապես ինչ են ֆիքսել տեսասարքերը, քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Հնարավոր է, որ նկարահանվել է նաև այն, թե ինչպես են Արշակ Գրիգորյանի մարմինը դուրս բերում նկուղից, և եթե կան նման նկարահանումներ, ապա կարելի է համարել, որ բոլոր խոսակցությունները, թե տղայի մարմինը հիվանդանոց են տարել Պոլիգոններ կոչված թաղից և որ նա ռազբորկայի զոհ է, բամբասանք են:

Մինչդեռ ըստ ոստիկանության խողովակներով տարածած հաղորդագրություններից մեկի, shamshyan.com կայքի վրա հղումով, Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տարել Պոլիգոններից: Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նյութի աղբյուրը ` hraparak.am