«Ցեզար», «Վինեգրետ», հավով ու լավաշով ուտեստ. երեխաների թունավորման դեպքեր Երևանում

Երեկ՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։

Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։

Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։

Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։

Ավելի ուշ  առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտարարություն  էր տարածել նաև այլ թունավորումների մասին:

«Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:

ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:

«​Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,- հայտնում է կենտրոնը։