Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես

Էդ մարդը օրը մի քանի անգամ լարած պատեֆոնի պես նույն բանն է ասում`դիմա՛կ կրեք, սոցիալական հեռավորությո՛ւն պահպանեք, հաճախակի լվացվեք և ախտահանե՛ք ձեռքերը։

Նույն բանը օրական հազար անգամ պտտեցվում է բոլոր լրատվամիջոցներով, արդուկը միացնում ես`մահու չափ ձանձրացրած նույն մոնոտոն երգն ես լսում։

Թվում է` բարդ մաթեմատիկա չէ. պարզ, հասկանալի մի բան է, որ մի անգամ լսելուց հետո կա՛մ ի գիտություն ես ընդունում և անում ես, կա՛մ չես անում, որովհետև լուրջ չես վերաբերվում ո՛չ ասողին, ո՛չ իր ասածին։

Այն, որ փողոցներում, այգիներում, բացօթյա սրճարաններում տեղ ու դադար չկա, մարդիկ ասես «համաժողովրդական զբոսանքի» դուրս եկած լինեն, մեծամասնությունն` առանց դիմակների, խոսում է մի բանի մասին. ժողովրդի գերակշիռ մասը բացարձակ անհաղորդ է` բանի տեղ չի դնում «ընտանիքապետության պապայի» կոչերը և հորդորները։

Ոչ միայն այն պատճառով, որ ամբողջությամբ սպառել է վստահության ռեսուրսը, այլ` որովհետև, ինչպես միշտ, մե՛կ նալին է խփում, մե՛կ` մեխին։ Մի կողմից, «մի տեղը» պատռելով, գլուխ է արդուկում, թե դիմակը 95 տոկոս երաշխիք է, մյուս կողմից` «ուրախությամբ» ծանուցում է, որ կորոնավիրուսից հետո մահացության ցուցանիշն «էական» անկում է արձանագրել։ Ասել է թե` վիրուսը հե՛չ էլ «թշնամի» չէ, որի դեմ պետք է «պատերազմել» բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, այլ` «բարեկամ»։

Վերջում էլ, որ քիչ չթվա, կնիքը դնում է, թե բա` վիրուսին հաղթելու միակ ձևն այն է, որ բոլորս հերթով հիվանդանանք, ցանկալի է` «ասիմպտոմ», ապաքինվենք, իմունիտետ ձեռք բերենք կամ… ոտներս ձգենք։ Նայած` ում բախտը ոնց կբերի։

Եվ այսքանից հետո դեռ ուզում է, որ իրեն վստահեն, հավատան, բանի տեղ դնեն, ու չաչանակի պես նորից ու նորից նույն բանն է կրկնում, ու չի նկատում, որ գնացքը վաղուց գնացել է. «դահլիճը» դատարկ է` լսող չկա…

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից