2 Հունիսի, 2020

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել համայնքի նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու մանկապարտեզների աշխատանքը վերսկսելու հարցը: Սակայն հայտնել է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է հաստատությունների աշխատանքը: Մանկապարտեզների աշխատակիցներն ահազանգել են ԼՈՒՐԵՐ․com և հայտնել, որ համայնքապետ Կարեն Բենիամինյանը որոշել է չվճարել մայիս ամսվա աշխատավարձի մի մասը, իսկ հուլիս ամսին ուղարկելու է պարտադիր արձակուրդ։ «Մենք ստանում ենք ընդամենը 40 000 աշխատավարձ, ու հիմա քաղաքապետը որոշել է այս ամիս դրա 66%-ը վճարել, որը կազմում է մոտավորապես 25 000 դրամ։ Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը՝ պարտավոր են լրիվ վճարել, բայց մի բան էլ մեր հացն են կտրում։ Աշխատակիցներ ունենք, որ մի քանի երեխա ունեն, խղճուկ գումարով ինչպե՞ս պահենք մեր երեխաներին»,- ասում են նրանք՝ նշելով, որ հարցով դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Նրանց խոսքով, ըստ օրենքի՝ աշխատակիցներն են որոշում, թե, երբ պետք է արձակուրդ գնան, բայց համայնքապետը պարտադրում է՝ պատճառաբանելով, որ բյուջե չունեն։ Մենք փորձեցինք զրուցել Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, թեև մեր զանգին պատասխանած աշխատակիցը վստահեցրեց, որ համայնքապետը հետադարձ կապ կհաստատի մեզ հետ, բայց այդպես էլ չզանգահարեց։

Փորձեցինք պարզաբանում ստանալու համար զրուցել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանի հետ, սակայն համայնքապետարանի աշխատակցի կողմից փոխանցված հեռախոսահամարին ևս չպատասխանեցին։ Վերջիններից պատասխան ստանալիս՝ մեկ այլ հրապարակմամբ հանդես կգանք։

kotayk

Լրահոս