13 Հունվարի, 2022
Գազն ամենայն հավանականությամբ երեք ամսից կթանկանա. ռուսական «Գազպրոմ Արմենիան» այսօր պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում տեղեկացրել է, որ մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանում բնական գազի սակագները ապրիլի 1-ից վերանայելու համար։

Հանձնաժողովը ավելի վաղ հայտնել էր՝ հայ-ռուսական բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ապրիլի 1-ից կիրառել սահմանին գազի գինը ջերմատվությամբ՝ կալորիականությամբ ճշգրտելու մեխանիզմը. բարձր որակով գազի դիմաց Հայաստանը ստիպված կլինի ավելի շատ վճարել։

Հայաստանն այժմ 1000 խորանարդ մետր կապույտ վառելիքի համար սահմանին 165 դոլար է վճարում, բայց ստանում է պայմանագրով ամրագրված 7900 կիլոկալորիա ջերմատվությունը գերազանցող՝ ավելի որակով գազ: Դեռ տարեվերջին կարգավորող հանձնաժողովը ակնարկել էր, որ գազի գնի ճշգրտման մեխանիզմի կիրառման արդյունքում 7900-ից բարձր որակով գազի համար Հայաստանն ավելի շատ կվճարի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ վերջին տարիներին ռուսական կողմը Հայաստանին մատակարարել է 8300 կիլոկալորիա ջերմատվությամբ գազ, երկկողմ համաձայնագրում ամրագրված չափանիշից 400 կիլոկալորիայով ավելին։ Ըստ տնտեսագետի` միայն այս փոփոխությունը հաշվի առնելով կարելի է ակնկալել 4-ից 5 տոկոսով կապույտ վառելիքի թանկացում:

«Բայց գազի սակագնի վրա այլ գործոններ էլ են ազդում, ոչ միայն կալորիականության գործոնը, կորուստներն է կրճատում «Գազպրոմ Արմենիան», աշխատատեղեր և այլն: Թե ՀԾԿՀ-ն ինչպես այդ կալորիականության հարցը կներառի սակագնի մեջ, մոտակա հաշվարկները ցույց կտան, բայց զուտ կալորիականությամբ պայմանավորված, ըստ էության, 4-ից 5 տոկոսով հնարավոր է գազի գնի վերանայում տեղի ունենա», – ասաց տնտեսագետը:

Բնակիչների համար այժմ գործում է մեկ խորանարդ մետրի դիմաց 139 դրամ սակագինը, սոցիալապես անապահովները 100 դրամ են վճարում։

«Գազպրոմ Արմենիան» երկու տարի առաջ էլ էր դիմել սակագները բարձրացնելու համար: Կարգավորող հանձնաժողովը որոշել էր բնակիչների համար սակագներն անփոփոխ թողնել, այդուհանդերձ կապույտ վառելիքը միջինը 4.5 տոկոսով թանկացավ մի շարք տնտեսվարողների համար:

kotayk

Լրահոս