3 Դեկտեմբերի, 2021

Ապարան համայնքի սիրելի՛ բնակիչներ,

ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԴԱՇԻՆՔՆ այսօր ավարտեց Ապարան համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Քարոզարշավի ընթացքում մեր թիմը ձգտեց ձեզ ներկայացնել կատարված լայնածավալ աշխատանքները, առկա խնդիրները և առաջիկա անելիքները: Մենք գյուղ առ գյուղ, տուն առ տուն ներկայացրեցինք 4 տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։

 Հանդիպումների ընթացքում բնակիչների կողմից լսեցինք ինչպես գովեստի խոսքեր, այնպես էլ առկա բազմազան խնդիրներ, որոնք արդեն իսկ գույքագրված են և ըստ առաջնահերթության կստանան իրենց լուծումները։ Բարձրաձայնված հարցերից հատկանշական էին սուբվենցիոն ծրագրերին առնչվող հարցերը և այն, թե ինչու մենք չենք անդրադառնում մեզ ուղղված ստահոդ լուրերին և չենք պատասխանում կեղծ մեղադրանքներին։

 Սիրելի ապարանցիներ, սուբվենցիաները համայնքային և պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն են, որոնք ըստ առաջնահերթության մշակվում, հաստատվում և կառավարությանն են ներկայացվում համայնքապետարանի կողմից։ Բացի սուբվենցիոն ծրագրերից, համայնքի տարբեր բնակավայրերում, մեր կողմից իրականացվել են բազմաթիվ և բազմատեսակ ծրագրեր, որոնք տասնամյակներ շարունակ լուծման կարիք են ունեցել:

 Շահադիտական նկատառումներից ելնելով՝ ստահոդ և կեղծ լուրեր տարածողները, որքան էլ որ փորձեն աղավաղել իրականությունը՝ չի ստացվի, մեր կատարած աշխատանքները ձեր և Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության աչքի առջև են, ուստի մենք արդարանալու կամ պատասխանելու խնդիր չունենք:

Տեսանելի է, որ այսօր Ապարան համայնքը վերածվել է բնակության և ներդրումների համար ցանկալի մի վայրի, որտեղ մեկնարկել են Հայաստանի խոշորագույն ներդրումային նախագծեր, որոնց արդյունքում ակնկալվում են հազարավոր նոր աշխատատեղեր։ Վստահեցնում ենք ձեզ, որ այս ամենը պատահականություն չէ, այն արդյունք է մեծ ջանքերի, համագործակցության և արդյունավետ մասնակցային կառավարման։

Վստահ ենք, որ մեր համայնքը համախմբված է, ուստի ձեզնից հայցում ենք ակտիվ մասնակցություն, դեկտեմբերի 5-ին գնալ ընտրատեղամաս, մասնակցել ընտրությանը, հավատալ ձեր աչքի տեսածին և գնահատական տալ անցած 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին։

 Ձեզնից յուրաքանչյուրի ձայնը կարող է վճռորոշ լինել մեր հայրենիքի բարօրության և մեր սիրելի Ապարան համայնքի շենացման համար։

ԵԿԵՔ ՄԻԱՍԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԾԱՌԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ

 

kotayk

Լրահոս