1 Մարտի, 2018

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ալավերդու շուկայում տեղի ունեցած սպանության գործի շրջանակում կաշառք վերցնելու փաստով կալանավորված ՔԿ Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը դեռևս ցուցմունք չի տվել։ Մեր տեղեկություններով՝ նա միայն առերեսվել է այս գործի շրջանակում կալանավորված Վահագն Աբգարյանի աջ ձեռք համարվող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանի հետ, ով կասկածվում է Կամո Փիրուզյանի սպանությանը օժանդակելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ հենց Արկոն է Թաթուլ Շուշանյանին 5000 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկել:

Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթուլ Շուշանյանն առերեսման ժամանակ ամեն ինչ հերքել է, և առերեսում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ Արկոն էլ ոչ մի էական բան չի ասել։

Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ գաղտնալսումներից բացի, Վահագն Աբգարյանի դեմ առայժմ ցուցմունք է տվել միայն Արկոն։ Նրա ցուցմունք տալու հանգամանքը, սակայն, շատ տարօրինակ է ընկալվել, քանի որ նա, ինչպես նշեցինք, համարվում էր Վահագնի մտերիմ ընկերը, աջ ձեռքը և ոչ մի պարագայում իր ընկերոջ դեմ ցուցմունք չէր տա։

Ի դեպ, Վահագն Աբգարյանի շրջապատում, ինչպես նաև Ալավերդու ոստիկանությունում շրջանառվում է մի վարկած, որ հարցաքննության պահին «Արկոն դեղի տակ է եղել», և ուշագրավ է, որ դրանից հետո այլևս ցուցմունք չի տվել»։

kotayk

Լրահոս