23 Սեպտեմբերի, 2021

Իշխանական մամուլը շարունակում հարձակումները Երևանի քաղաքապետի նկատմամբ: Անհայտ ծագմամբ և ֆինանսավորմամբ գործող MediaNews.am կայքը գրում է. «Հայկ Մարությանի Չեխիայում ունեցած անշարժ գույքերի, սեփականությունների մասին դեռ վաղուց է հայտնի:

Սակայն MediaNews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ խորհրդակցություններից մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել ներդրումների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը նման հայտարարություն է արել. «Խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի, էնա ես ոնց եմ անում…»: Մարությանը մեծ թվով անշարժ գույքի սեփականատեր է Չեխիայում, իսկ վերջերս նաև ԶԼՄ-ներում հրապարակում եղավ, որ Երևանի քաղաքապետը վերջին ժամանակահատվածում նաև ավտոկայանատեղի է ձեռք բերել Չեխիայում»:

«ՉԻ». Իշխանությունները հաճախ են սիրում բարձրաձայնել դեղին մամուլի առկայության մասին: Ահա սա տիպիկ դեղին մամուլի ձեռագիր է: Առանց աղբյուր նշելու, առանց տեղեկատվությունը ստուգելու, առանց շահագրգիռ կողմին դիմելու, գրել այն, ինչ պետք է պատվիրատուին: Իսկ պատվիրատուի ականջները անգամ Տիգրան Մեծ պողոտայում կառուցված մոլերը չեն կարող թաքցնել:

Եթե հիմա ընդդիմադիր մամուլը գրի, որ ըստ իր հավաստի աղբյուրների՝ Փաշինյանը ծիծաղել է 680.000 քաղաքացիների վրա իրեն ձայն տալու համար, կընդունե՞ք ի գիտություն, թե՞ կորակեք որպես դեղին մամուլ:

Եթե քոչարյանական որևէ լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, նշի, որ Փաշինյանը մտերիմ շրջապատում ասել է, թե Սյունիքն էլ պետք է տալ և հանգիստ ապրել, ի՞նչ եք հակադարձելու:

Սրտներովդ չէ քաղաքապետը, ցանկանում եք փոխել, կոնկրետ ապացույցներով ներկայացրեք, թե որտեղ է ձախողվել, երբ և ինչպես է խանգարել Երևանում ներդրում անել ցանկացողներին:

Իսկ այսպես իշխանությունը ստանձնում է դեղին մամուլի գլխավոր հովանավորի դերակատարումը և կորցնում է նույն դեղին մամուլից դժգոհելու բարոյական իրավունքը:

kotayk

Լրահոս