27 Նոյեմբերի, 2021

Mnews.am էլեկտրոնային  կայքը շարունակում է հանդիպումները դեկտեմբերի 5-ին սպասվող համայնքների խոշորացման և ավագանու ընտրություններին  մարզերում:

Իհարկե,ասել, թե հանրապետությունում որևիցե ընտրատարածք զերծ է դատապարտելի ու անհանդուրժելի երևույթներից, ցավոք, ոչ մի կերպ չենք կարող, բայց այն, ինչ կատարվում է հատկապես մարզերում, ուղղակի աննկարագրելի է:

Դեկտեմբերի 5-ին սպասվող Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ: Կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերի շարքում են ինչպես նորաստեղծ, այնպես էլ վաղուց գործող, բայց վերջին տարիներին ակտիվություն չցուցաբերած, որոշ դեպքերում  անգամ անհայտ կուսակցություններ։

Այսպես՝ պարզվում է՝ Վանաձոր խոշորացված համայնքում նախընտրական կրքերը չափազանց ինքնատիպ դրսևորումներ են հետզհետե սկսում ստանալ, ու թեկնածուները կամ դրանց սատարող պաշտոնյաները, կանգ չառնելով ոչնչի առաջ, անում են իրենցից կախված ամեն բան, հնարավորն ու անհնարինը՝ դեկտեմբերի 5-ին պարտված չհռչակվելու համար…

Այցի շրջանակներում հանդիպեցինք վանաձորցիներին, ովքեր  մեծ հաշվով հիասթափված էին  երկրի դրությունից և ընտրություններին մասնակցելու ցանկություն չունեին:Փորձեցինք հանդիպել թենածուներին,սակայն թեկնածուներից այդ պահին պատրաստակամություն հայտնեց հանդիպման «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,Վանաձոր-Գուգարք տարածքային կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյանը։

-Պարո՛ն Բոջուկյան, «Բարգավաճ Հայաստան » կուսակցության վարչության որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը Վանաձոր խոշորացված համայնքում  դուք եք գլխավորում, ինչու՞ կուսակցությունը կանգ առավ Ձեր թեկնածության վրա։Վանաձորցի  անվանի մարզիկ,հաջողակ սպորստմեն, հարգված անձնավորություն, ի՞նչը  ստիպեց դուրս գալ քաղաքական մրցապայքարի։

-Ես 2011 թվականից  ԲՀԿ անդամ եմ, վերջերս ստանձնել եմ Վանաձոր-Գուգարք  տարածաշրջանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր քաղխորհրդի որոշումն է եղել։ Մեր քաղաքական թիմն այսօր կարող ուժ է համարվում ոչ միայն Վանաձորում,այլև՝ Հայաստանի Հանրապետությունում։

Մեր խոսքը միշտ գործ է եղել։ ԲՀԿ-ն մշտապես եղել է ժողովրդի կողքին,աջակցել է, բարեգործական ծրագրեր իրականացրել։ Հայրենիքի խնդիրներով ու հոգսերով ապրող մարդ է,կարողացել է իր գործով կյանքի կոչել շատ ծրագրեր,Գագիկ Ծառուկյան հիմնադրամից բավականին մեծ օգնություններ ենք հատկացրել մեր ազգաբնակչությանը։ Մենք քիչ խոսում ենք,շատ գործում ։Մեր կարգախոսն է «Եկել է գործելու ժամանակը»

Իսկ հաջողակ մարզիկ և սպորստմեն,այո՛ միշտ բարձր եմ պահել Հայաստանի Հանրապետության դրոշը։Այսօր փորձում եմ ուժերս նաև քաղաքական դաշտում,գիտեք,այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական է…  Ուժեղ է այն մարդը, ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ, դրա հնարավորություններն էլ ունեմ, բայց դա հարցի լուծում չէ, մենք պիտի պայքարենք նաև մեր երեխաների վաղվա օրվա համար:Այն էլ այս ծանր ժամանակահատվածում երբեք չեմ հեռանա իմ հայրենիքից,մենք միասին կհաղթահարենք երկրի համար շատ վտանգավոր,այս ճգնաժամային և դժվար օրերը։

  -Պարոն Բոջուկյան, որո՞նք են այն համայնքային նշանակության խնդիրները, որոնք ծառացած են Վանաձորի համար, որոնք առաջնահերթության կարգով  ընտրվելու դեպքում կլուծեք:
       
-Վանաձոր խոշորացված համայնքում  խնդիրները բազմատեսակ են ։Մեր թիմի կողմից ընդունվել է 17 կետից բաղկացած համայնքի զարգացման ու շենացման համար ծրագիր, որոնք բոլորն էլ կարևոր են ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ են:

Մի քանի կետեր նշեմ ծրագրից՝

Պատրաստվում ենք բարեփոխումներ իրականացնել քաղաքաշինության ոլորտում,մեղմ ժամկետներում ներդնել սոցիալական բնակարանաշինության հիմքերը՝ կառուցելով բազմաբնակարան շենքեր,երիտասարդ նորաստեղծ ընտանիքների համար։

Մեկ տարվա ժամկետում ստեղծել քաղաքային ու միջհամայնքային տրանսպորտի նոր ցանց,որը հագեցած կլինի նոր և ներառական ավտոբուսներով՝ հարմարեցված նաև հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժին։

Քաղաքային շուկայի կառուցում՝ փողոցային առևտուրը սանիտարահիգենիկ պայմաններին համապատասխանող և առավել հարմարավետ պայմաններով շուկա տեղափոխելու,ինչպես նաև բնակիչներին առավել հասանելի դարձնելու նպատակով։

Վանաձորը դարձնել զբոսաշրջության կենտրոն,ստեղծել բոլոր նախադրյալները երիտասարդների ակտիվ հանգիստը կազմակերպելու համար։

Վանաձոր խոշորացված համայնքում աղբահանության և ջրահեռացման համակարգերի խնդիրների վերացում և լիարժեք գործարկում։

Սպորտի ոլորտի  զարգացումը նույնպես կարևորում ենք։Համայնքում ունենք սպորտդպրոց ,որը գույքով ապահովված չէ։Մենք առաջարկում ենք  օլիմպիական կոմիտեի հետ համագործակցելով սպորտդպրոցն ապահովել  նոր սպորտաձևերով  և մարզագույքերով։

Համայնքի փողոցները  ոչ բարեկարգ վիճակում են,ասֆալտապատելու կարիք կան։Կան խնդիրներ նաև առողջապահական  ոլորտում։Սոցիալ -տնտեսական ոլորտի ամենահրատապ խնդիրներից են  զոհված զինծառայողների բազմազավակ  ընտանիքների սոցիալական հարցը։

Պարոն Ծառուկյանը այս տարիներին ապացուցել է, որ իր կողմից առաջ քաշված բոլոր ծրագրերը  դարձել են գործ: Նույնը մենք իրականացնելու ենք Վանաձոր խոշորացված համայնքի համար,թվարկածս ծրագրերը մի մասն է,որը ներկայացրեցի,բոլոր կարևոր ծրագրային աշխատանքները  դարձնելու ենք մեր ամենօրյա աշխատանքի բանաձև:

-Պարոն Բոջուկյան դժվա՞ր չի այսօր լինել  արտախորհարդարանական  ընդդիմադիր քաղաքական ուժ և մասնակցել ընտրապայքարին: Հաշվի առնելով մյուս քաղաքական  ուժերին մասնավորապես՝ իշխանական թիմի թեկնածուին նրա  զբաղեցրած պաշտոնն ու դիրքը:

-Ոչ՛: Ես ավելի ուրախ եմ,որ այսօր չկանք Խորհրդարանում, իշխանության մեջ, նախկինում ևս մենք իշխանության մաս չենք եղել։Մենք եղել ենք ժողովրդի կողքին և շարունակում ենք լինել նրա հետ անկախ նրանից Ազգային Ժողովում կլինենք թե ոչ, մենք վարում ենք ակտիվ քաղաքականություն, քանի-որ մեզ չի հետաքրքրում ոչ պաշտոնը, ոչ էլ մանդատը։ Ո՛չ իշխանամետ եմ,ո՛չ ընդդիմադիր,ես վանաձորցի Էդգար Բոջուկյանն եմ,ում  շատ լավ ճանաչում են,նաև իմ ընտանիքին,մեր երեք եղբայրների  անցած ճանապարհը փայլուն գիտեն․․․

  -Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ձեր քաղաքական մրցակիցների հետ, կա արդյո՞ք կոշտ մրցապայքար։Ինչպե՞ս կգնահատեք ընտրություններում Ձեր հաղթելու հնարավորությունները:

-Մեր հնարավորությունները շատ բարձր եմ գնահատում,ասեմ ավելին՝ հաղթելու ենք,ռինգ դուրս չեմ եկել քաղաքական մյուս ուժերի հետ,քանի որ սա կյանք է,և քաղաքականության մեջ այլ է,քանի որ այստեղ ոչ թե ուժն է որոշիչ,այլ՝ ժողովրդի ձայնը։ Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք և ոչ մեկը չի կարող մեր նկատմամբ ոտնձգություն անել:

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Էդգար Բոջուկյանը  ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում ակտիվորեն շփվում է ընտրողների հետ։ «Մենք վճռական ենք տրամադրված և գնում ենք հաղթանակի։ Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մեր բնակիչների հետ, սիրով ու պատասխանատվությամբ աշխատենք և հաստատ հասնելու ենք լուրջ հաջողությունների»,- իր խոսքում նշեց պարոն Բոջուկյանը։ 

-Քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին,կարելի է ասել հաշված օրեր են մնացել,լուրեր կան,որ հատկապես Վանաձորում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում: Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում և մեկ ձայնի համար առաջարկում մինչեւ 30 հազար դրամ:

-Ես նման տեղեկություն չունեմ,կարծում եմ՝ ապատեղեկատվություն է։Եթե մեկը պետք է փող բաժանի, որ իր ապրած քաղաքում քաղաքապետ դառնա, դրանից ավելի ամոթալի բան չկա:Հիշենք,որ դեկտեմբերի 5-ին հաջորդելու է դեկտեմբերի 6-ը ու բոլորս ապրելու ենք նույն քաղաքում:

-Ի՞նչ եք խոստանում վանաձորցիներին:Ի՞նչպես է անցնում քարոզարշավը։

-Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի իրենց յուրաքանչյուր խնդիրներն աստիճանաբար լուծելու համար: Առաջին հերթին պարտավորված կլինեմ ինձ չընտրողների հանդեպ, որովհետև իրենց կունենամ ապացուցելու, որ կարող ուժ եմ, ես գիտակցում եմ, թե ինչպիսի բեռ եմ վերցնում ինձ վրա, ուստի՝ պատրաստ եմ այն արժանապատվորեն կրել:

Եռանդով ու նվիրումով շարունակելու եմ կառուցել, նորոգել, շենացնել․․․

Քարոզարշավից շատ գոհ եմ,բավականին ակտիվ քննարկուներ ենք ունենում ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ,ինչպես նշեցի խոստանում եմ,որ իրենց բոլոր հուզող խնդիրներին լուծում է տրվելու ամենասեղմ ժամկետներում։

-Ի՞նչ կմաղթեք մյուս քաղաքական ուժերին  և թեկնածուներին։

-Բոլոր քաղաքական ուժերին և մրցակից թեկնածուներին մաղթում եմ հաջողություն,թող հաղթի ով արժանի է և կարող ուժ է լավ աշխատելու։ Իսկ վանաձորցիներին,նաև խոշորացման փուլում գտնվող  գյուղական համայնքներին  մաղթում եմ, որ լցվեն համբերությամբ և իրենց բարձր տրամադրությամբ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն մարդուն, ում վստահում են, ում ճանաչում են: Ես էլ, որպես թեկնածու, պատրաստ եմ ծառայել իմ վանաձորցիներին: Ու էն, որ ասում եմ՝ հուսախաբ չեմ անելու, ամեն ինչ անելու եմ, որ վանաձորցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում:

-Ձեր կոչը  Ձեր քաղաքական թիմին ընտրողներին։

-Մեր քաղաքական թիմին ընտրողներին միայն մեկ բան կարող եմ ասել,դեկտեմբերի 5-ին ակտիվ մասնակցեն ընտրություններին,քվեարկեն խղճի և մտքի համոզմունքով։ Կերտելու ենք մեր երեխաների ապագան,Վանաձոր խոշորացված համայնքի ապագան։

Կատարե՛ք ճիշտ և ազնիվ ընտրություն ՝ անձնական շահերից վեր կանգնելով:

Այցեքարտ․Էդգար Բոջուկյան

Ծնվել է1979թ․մայիսի 20-ին Վանաձորում(Կիրովական)։

Ավարտել է Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցը։Ավարտել է գյուղատնտեսական քոլեջը,այնուհետև Մխիթար Գոշ հայ -ռուսական միջազգային  համալսարանը։

2011 թվականից Հայաստանի Խառը մարտեր ֆեդերացիայի փոխնախագահն է։ Վանաձորում ճանաչում են որպես Բոջուկյան եղբայրներ,երեքն էլ մարզիկներ են,աշխարհի չեմպիոններ։

2018 թվականից Հայաստանի էլեկտրական ցանցերում աշխատել է որպես տեղամասի պետ,«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական  ընկերությունում  աշխատել է որպես հյուսիսային մասնաճյուղի տնօրեն։

2010 թվականից «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  անդամ է,մեկ տարի արդեն Վանաձոր-Գուգարք  տարածքային կառույցի ղեկավար։

Mnews.am

kotayk

Լրահոս