17 Ապրիլի, 2020
 Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետ Թումասյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ.

Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել եւ այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից եւ ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաեւ հաշվի առնելով իմ հանդեպ դրսեւորած Ձեր վերաբերմունքը:

Ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչեւ Անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ եւ ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ եւ որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ եւ եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ եւ մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս:

Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել եւ հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության եւ Աստծո դատին:

Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու եւ շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս:

Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության եւ անկեղծ վերաբերմունքի համար:

Աստված բոլորիս պահապան»։

kotayk

Լրահոս