21 Հոկտեմբերի, 2021

Երբ ընչաքաղցներին իշխանություն է տրվում, նրանց ղեկավարած երկիրը վերածվում է մի մեծ շուկայի, որտեղ չի գործում օրենքը, եւ գերիշխող են դառնում  բնազդները։ Խոսքերիս վառ ապացույցն է, դեպքը, որը պատահել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Անցյալ տարի, մինչ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը այցելում է Քարվաճառ, ճանապարհին նրան իր շքախմբով դիմավորում է այդ օրերին մարզպետ Գնել Սանոսյանը, եւ հյուրասիրություն կազմակերպում Վարդենիսի ռեստորաններից մեկում։

Երբ գինովցած հյուրերը հեռանում են, Գնել Սանոսյանին ներկայացվում է հաշիվը՝ 1 մլն 100 հազար դրամ։ Գնել Սանոսյանը ռեստորանի տիրոջը համոզում է մի քանի օր սպասել, մինչեւ քաղաքապետ Արամ Մելքոնյանը քաղաքապետարանից բյուջեից փոխանցումը կանի, սակայն քաղաքապետին չի հաջողվում, պարգեւավճարի անվան տակ փոխանցել գումարը, եւ ռեստորանի տերը թակում է մարզպետարանի դուռը, երկար քաշքշուկներից հետո, ի վերջո, Գնել Սանոսյանը համոզում է ռեստորանի տիրոջը, 1,1 մլն դրամ հաշվի դիմաց վերջինիս կնոջը նշանակել քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ մարզպետի հրահանգով, քաղաքապետի ստորագրությամբ, նշված դպրոցի տնօրենին անօրինական հեռացնում են աշխատանքից, եւ ռեստորանի տիրոջ կնոջը նշանակում։ Անօրինական ազատման որոշման դեմ, դատական  բոլոր ատյաններում վիճարկելով նախկին տնօրենը հաղթող է ճանաչվում՝ պաշտոնում վերանշանակվելու եւ 1 մլն-ից ավելի փոխհատուցման որոշումով, սակայն մինչեւ օրս նրա աշխատանքային իրավունքը վերականգնված չէ, իսկ երաժշտական դպրոցի տնօրենի ԺՊ է նշանակված երրորդ անձ։

Իսկ ռեստորանի խաբված տերը հիմա էլ թակում է նախարարության դուռը՝ «Ուստեն ու՞ր ա, փափախս ու՞ր ա․․․»։

http://hzham.am/articles/1714238982664408.html

kotayk

Լրահոս