8 Հուլիսի, 2020

Այսօր է կերտվում մեր ապագան, սա պարզ ու հստակ է և հատկապես կարևոր, երբ խոսքը մեր սերունդների ապագայի մասին է: Այս օրերին ոչ միայն ինչ-որ առարկաներ դպրոցական պլանից հանելու կամ կրճատելու հարցն է որոշվում և պլանավորվում, այլ նաև ողջ դասավանդման գործընթացը առցանց դարձնելու և կամ չդարձնելու հարցը, որը պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով: Դրանից ոչ միայն զուտ ինչ-որ առարկաների ճակատագին է կախված, այլև ողջ դասապրոցեսի՝ դասավանդման և ուսումնառության ճակատագիրը և նաև մեր ողջ դպրոցահասակների ճակատագիրը:

Գեղեցիկ և ժամանակակից ու մեծ ապագա ունեցող առցանց ուսումնառության գործընթացն իրականում ունի մի շարք անհասկանլի բաներ և բացեր: Եկեք թվարկենք նրանցից մի քանիսը.

1. Բոլոր աշակերտները չէ, որ ունեն համապատասխան սմարտֆոններ կամ համակարգիչներ:

2. Բոլոր աշակերտները չէ, որ ունեն համապատասխան ինտերնետ կապ: Ոչ բոլոր ընտանիքներն են կարող իրենց թույլ տալ այդ հաճույքը: Հատկապես Հայաստանի մարզերում և Արցախի հեռավոր բնակավայրերում ընդհանրապես նման ծառայությունները շատ վատ են աշխատում:

3. Հատկապես միջին և տարրական դասարանների աշակերտները չեն կարողանում միայնակ մասնակցել առցանց ուսումնառության գործընթացին և անհրաժեշտ է լինում, որ ծնողներից մեկը ևս մնա տանը և օգնի երեխաներին միանալ առցանց դասընթացի հարթակներին, ուղարկել կատարված առաջադրանքները…

4. Նույնիսկ համացանցի և լավ համակարգչի առկայության դեպքում կան խնդիրներ: Կարող է խափանվել կապը, անջատվել էլեկտրական հոսանքի մատակարարումը: Անընդհատ տեղի են ունենում տեսախցիկների և կամ խոսափոխների ու լսափողների խափանումներ:

Հարց է առաջանում, որքանո՞վ է այս ամենը «նպաստում» դասապրոցեսի պատշաճ կատարմանը:

Նույնիսկ միջին և բարձր խավի ընտանիքները շատ հաճախ չունեն լավորակ տեսակապ և ձայն ապահովող համակարգիչներ, էլ ուր մնաց խոսենք անապահով խավի մասին: Սա նշանակում է, որ առցանց կրթությունը ոչ թե հավասար կրթական հնարավորություններ է ստեղծում յուրաքանչյուր երեխայի համար, այլև առաջ է բերում նորանոր դժվարություններ:

Փաստորեն, նրանք ովքեր որ կունենան լավ ինտերնետ կապ և հասանելիություն, լավ համակարգիչ, լավ տեսակապ և էլեկտրաէներգիայի մատակարարում՝ նրանք էլ առցանց ուսումնառությանը կմասնակցեն լավագույն կերպով, իսկ այն երեխաները որոնք չունեն այդ ամենը՝ աչքի կնկնեն ցածր առաջադիմությամբ:

Այս ամենի միջով մեր դպրոցականներն արդեն իսկ անցել են: Մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ ռեժիմ և դպրոցները փակվեցին: Մոտ 1 շաբաթ դպրոցների ղեկավարներն ու ուսուցիչները խժդժությունների մեջ էին, չհասկանալով, թե ինչպես պիտի իրականացվի առցանց դասավանդումը: Անգամ նրանք չգիտեին, թե ինչպես է պետք իրականացնել առցացն դասավանդումը: Այնինչ նրանք կարող էին կիրառել փետրվար ամսից արդեն իսկ համաճարակի մեջ գտնվող առաջադեմ երկրների գիտելիքն ու փորձը և նախապատրաստված լինել նման զարգացումներին:

Սկզբից անցում կատարեցին dasaran.am-ին, սակայն հաջողության չհասնելով անցան Viber-ին, Skype-ին և ի վերջո հանգրվանեցին zoom-ում: Եվ այսպես շարունակվեց մինչև մայիսի 24-ը՝ ուստարվա ավարտը:
Այդ ամենն արդեն իսկ անջնջելի հետք է թողել մեր դպրոցականների ապագայի վրա և բաց թողնվածը դեռ երկար հիշեցնել է տալու իրեն և կյանքի տարբեր հանգրվաններում ստիպելու է ընկճվել:

Այսօր մեր դպրոցականների ծնողները պետք է անեն ամենայն հնարավորը, որպեսզի առցանց դասընթացները չվերադառնան և սեպտեմբերի 1-ից մեր երեխաները հաճախեն դպրոց, մասնակցեն լիարժեք դասապրոցեսներին,  քանի որ սեղանին դրած է մեր սերունդների ճակատագիրն ու ազգի ապագան:

Ռեֆորմիստների  կուսակցության խորհրդի  անդամ,ֆոտոլրագրող  Հայկ  Կիսեբլյանի  ֆեյսբուքյան  էջից

kotayk

Լրահոս