23 Հունվարի, 2022

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում, մի քանի անգամ գերազանցում է նրա աշխատավարձը։ Պապիկյանը պաշտոնապես ստանում է 793 հազար 680 դրամ ամսական աշխատավարձ։ «Փարավոն» ռեստորանային համալիրում միջոցառումները միջինից թանկ արժեն։ Մեկ աթոռի նվազագույն արժեքը սկսվում է 15 հազար դրամից։ Կախված մենյուից՝ գինը կարող է ձգտել անվերջության։ Կոնկրետ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մեկ աթոռը արժեցել է 30 հազար դրամ, թեև մենյուն կազմվել է ավելի թանկ ճաշատեսակներից, սակայն ռեստորանը մեծ զեղչեր է արել։ Հարսանեկան արարողությանը հրավիրված է եղել 400 հյուր։

Հարսանիքի կազմակերպչական հարցերով զբաղվել է arpi wedding planner կազմակերպությունը։ Միայն կազմակերպչական ծախսերն այս ընկերությունում արժեն 1500 ԱՄՆ դոլար (714 հազար դրամ)։ Սակայն կան նաեւ հավելյալ ծառայություններ, որոնք ներառված չեն գումարի մեջ։ Օրինակ՝ կազմակերպությունն առաջարկում է նկարահանող ընկերություն, ու եթե հաճախորդը համաձայն է, դրա գինն ավելանում է վերը նշված գումարին։ Կոնկրետ arpi wedding planner կազմակերպությունը համագործակցում է Beautiful day ընկերության հետ։ Այն հարսանեկան արարողություններ նկարահանող ամենաէլիտար ու թանկարժեք ընկերություններից մեկն է։

Oragir.news-ը կապ հաստատեց ընկերության հետ ու փորձեց ճշտել, թե մինիմալ պահանջների դեպքում (2 տեսախցիկ, 2 լուսանկարիչ, դրոն, տեսանկարահանման կռունկ) ծառայությունն ինչ կարժենա։ Ընկերությունից հայտնեցին, որ նման փաթեթն արժե 3500 ԱՄՆ դոլար (1,666,000 դրամ), եթե նկարահանումը կատարվում է full hd թողունակությամբ, իսկ 4K թողունակությամբ դեպքում ծառայությունն արժենում է 4500 ԱՄՆ դոլար (2,142,000 դրամ)։ Ընդ որում, կազմակերպությունից մեզ հայտնեցին, որ նման փաթեթը նախատեսված է մինչև 200 հյուր ունեցող հարսանիքների համար։ Եթե հաշվի առնենք, որ Պապիկյանի հարսանիքին հրավիրված է եղել 400 հյուր, այս թվերը կարող ենք բազմապատկել երկուսով, ու ստացվում է 7000 կամ 9000 ԱՄՆ դոլար, միայն նկարահանումը։

Հարսանիքին ելույթ են ունեցել բազմաթիվ հայտնի երգիչներ, որոնցից մեկն էլ երգիչ Էրիկը, որի ծառայությունները սկսվում են 4 հազար դոլարից։ Բայց դա միայն 4 երգի դեպքում։ Թե քանի երգ է երգել Պապիկյանի հարսանիքին, հայտնի չէ։

Ամփոփենք, միայն հյուրերի թիվը, կազմակերպչական ընկերությունն ու նկարահանումը միասին արժեցել են 18 միլիոն 910 հազար դրամ ։ Սակայն սա ամենը չէ։ Այստեղ ներառված չեն հարսի շորի, մեքենայի վարձույթի, նվերների, երաժիշտների ու տորթի գումարները, որը մեզ պարզել ցավոք չհաջողվեց։

Ի դեպ, 2020 թվականի հայտարարագրում տարվա վերջին Պապիկյանն ուներ 8,368,988 դրամ, 4,901 ԱՄՆ դոլար, 4,432 եվրո բանկային հաշիվներում և 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021 թվականի հայտարարագիրը դեռ ներկայացված չէ։

Աղբյուրը՝Zham.am

kotayk

Լրահոս