28 Սեպտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելության օրը նրա մեքենային ձվերով հարվածելու գործի շրջանակում երեկ տեղի է ունեցել առերեսում Գորիսի համայնքապետի կալանավորված տեղակալ Մենուա Հովսեփյանի և նրա դեմ ցուցմունք տված Շուռնուխի բնակչի միջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մենուա Հովսեփյանի պաշտպան Էդգար Արամյանը։

«Գավրոշա Հակոբյանը իբրև թե տեսել էր, թե ինչպես է Մենուան կազմակերպում խուլիգանություն։ Կհիշեք տարիներ առաջ դեպք էր տեղի ունեցել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մի խումբ անձիք ցանկացել էին ինչ-որ «գեյ պարադ» անցկացնեն, կազմակերպիչներից մեկի հայրն է՝ Գավրոշա Հակոբյանը, ով որ թշնամական հարաբերություններ ունի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, նաև ինչպես պարզվեց, Մենուայի հետ։ Մեր խորին համոզմամբ՝ թշնամական հարաբերություններից ելնելով՝ նա ցուցմունք է  տվել, թե Մենուան և Հակոբը  կազմակերպել են Փաշինյանի մեքենային ձվով հարվածելը»,-ասաց նա։

Էդգար Արամյանի խոսքով՝Գավրոշա Հակոբյանը և իր ընտանիքի անդամները Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանի դեմ մի շարք հաղորդումներ էին ներկայացրել ոստիկանության բաժին, որոնք ժամանակի ընթացքում ընթացակարգով քննվել ու մերժվել էին, ենթադրաբար հանցագործության կատարման մեջ էին մեղադրել, նյութերի նախապատրաստման ընթացքում մերժվել էին, հիմա էլ այս գործով է որոշել ցուցմունք տալ։ Ըստ պաշտպանի՝ Հակոբ Արշակյանի և Շուռնուխի տվյալ բնակչի միջև ևս պետք է առերեսում տեղի ունենար, բայց չի կատարվել։ Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Գավրոշա Հակոբյանը իր նկատմամբ ունի թշնամական վերաբերմունք։

«Հակոբ Արշակյանը ասել է, որ տարիներ առաջ ցանկացել են «գեյ-պարադ» անցկացնել Շուռնուխում, ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որից հետո Գավրոշա Հակոբյանը մեղադրել է Հակոբ Արշակյանին «գեյ-պարադի» անցկացմանը խոչընդոտելու մեջ, այդտեղից սկսած՝ թշնամանք է պահվել Հոկոբ Արշակյանի նկատմամբ։ Ընդ որում, այդ անձըտարիներ շարունակ գյուղում զբաղվել է ջրագողությամբ», -ասաց նա։

Փաստաբանը մանրամասնեց նաև, թե այս գործով Մենուա Հովսեփյանին ինչ ենթադրյալ  գործողությունների համար է մեղադրանք առաջադրվել։

«Իբր հրահանգել է, որ ձվեր բերեն կամ խանութներից, կամ այս կամ այն անձանց տներից, ինչպես նաև կազմակերպել է, որ անձինք ոգելից խմիչք խմեն, նմանատիպ հիմարություններ։ Իհարկե, մեղադրանքը Մենուա Հովսեփյանը չի ընդունում»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս գործը քաղաքական պատվերով է։

«Այդ նույն Գավրոշ Հակոբյանը Շուռնուխ գյուղում դիմավորել է վարչապետին և նրան ուղեկցող անձանց, այդ թվում նաև Խաչատուր Սուքիասին, ով որ, ըստ Հակոբ Արշակյանի և Մենուա Հովսեփյանի ցուցմունքի, գումար են բաժնել, տվել է նաև Գավրոշ Հակոբյանին՝ 500 հազար դրամ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Գորիսի 12 բնակիչների մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելության օրը նրա մեքենային ձվերով խփելու համար։ Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենային ձվով խփելու համար փորձագետի եզրակացության մեջ նշվում է, որ հասցվել է 24 միլիոն դրամի վնաս։

kotayk

Լրահոս