19 Սեպտեմբերի, 2022

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը իր տեսաուղերձում անդրադարձել է անվտանգային խնդիրներին՝ նշելով, որ աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։ Չնայած դրան՝ նա կոչ է արել վերադառնալ և ապրել Արցախում։

Ani Product

Նախագահի ուղերձի՝ անվտանգությանն առնչվող բաժինը ներկայացնում ենք ստորև․

Ani Product

«Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով:

Խորին վշտակցությունս եմ հայտնում սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության հանդեպ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին: Թո՛ղ այլևս նոր զոհողությունների կարիք չլինի:

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը:

Իշխանությունները, այո, միշտ էլ առաջնահերթ պատասխանատուն են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը: Մեր միջազգային գործընկերներն ու ընդհանրապես միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան, սակայն մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզնից է կախված:

Այժմ գալով անվտանգության երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ հարցերին՝ պետք է նշել, որ, ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ: Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:

Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:

Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել և չենք խնայելու նաև պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և մեր առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին:

Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:

Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:

Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները»:

Լրահոս