14 Մայիսի, 2022

Քիչ առաջ տեղեկատվություն էինք հրապարակել այն մասին, որ 168.am-ի աղբյուրների տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել՝ ՊՆ շենքի դիմաց՝ ոստիկանական պահակախմբի համար նախատեսված պահակակետում։

Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքման տեքստ տարածեց՝ հետևյալ բովանդակությամբ.

«168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով»:

Իհարկե, լավ կլինի, եթե Սուրեն Պապիկյանը և նախարարությունը նման փութաջանությամբ և պատշաճ կերպով պատասխանեն բոլոր լրատվամիջոցների և քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին, և ոչ միայն՝ Պապիկյանի անձին վերաբերող որոշ թեմաներին անդրադառնան: Լավ կլիներ նույն ոգևորությամբ պատասխանեին ոչ միայն ադրբեջանական կողմի պաշտոնյաների հայտարարություններին, այլև Պապիկյանի՝ ֆինանսական տարբեր գործարքներում մասնակցությունը փաստող հրապարակումներին:

Միգուցե Պապիկյանն անձամբ չի մասնակցել ծեծկռտուքին, սակայն մեր այլ աղբյուրները պնդում են, որ նրա թիկնապահներն են ծեծի ենթարկել Ռազմական ոստիկանության աշխատակցին: Ֆեյսբուքում տարբեր քաղաքացիներ և ԶԼՄ-ներ են նաև այդ մասին գրել:

«Երկու օր առաջ «հայոց սպարապետ» Սուրեն Պապիկյանի անվտանգությունը ապահովող աշխատակիցները ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության աշխատակցի: Խոսքը գնում է այն ռազմական ոստիկանի մասին, ով ուղեկցել է «սպարապետի» ավտոշարասյունը: Ծեծի և խոշտանգման թեման եղել է այն, որ ՌՈ աշխատակիցը միամտաբար թույլ է տվել այլ մեքենայի մուտքը շարասյան մեջ: Հասնելով ՊՆ, նրան կանչել և ծեծի են ենթարկել, իսկ հետո սպառնալով ազատել աշխատանքից, ստիպել են նրան չբարձրաձայնել միջադեպի մասին: Կեցցե՜ «թավշյա հեղափոխությունը», այն հեղափոխությունը, որը վերջապես օգնեց ազատվել «բռնապետերից» և սկիզբ դրեց «ոչ բռնի» խեղափոխությանը»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արթուր Ռ. Թովմասյանը։

Ի դեպ, Պապիկյանի թիկնազորի պահվածքի մասին առաջին անգամ չեն հրապարակումներ լինում մամուլում: Իսկ ո՞վ է թիկնապահներին «ամենակարողի» իրավունքներ վերապահել, եթե ոչ՝ Պապիկյանը: Նույն Պապիկյանը, ով Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստին որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ ԵՊՀ էր գնացել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք ԵՊՀ պահնորդների հետ հսկում էին նիստերի դահլիճը և լրագրողներին ներս չէին թողնում: Այն դեպքում, երբ նախկինում հոգաբարձուների խորհրդի նիստերը բաց էին ԶԼՄ-ների համար, և փակվել են ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանի՝ ռեկտոր նշանակվելուց հետո։

Մեր հրապարակած տեղեկատվության մեջ նշված իրադարձությունների մասին այսօր խոսում է ըստ էության ողջ քաղաքը, և դրա վերաբերյալ գրառումներ կան տարբեր կայքերում և սոցցանցերում:

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում ներկայացնելու փոխարեն, սակայն, իրեն թույլ է տալիս նման անհեթեթ տոնով հերքման իմիտացիա ներկայացնել՝ ավելի սրելով կատարվածի վերաբերյալ հանրության շրջանում առկա կասկածները: Տպավորություն է ստեղծվում, որ ՊՆ մամուլի ծառայությունն աշխատում է ավտոմատ ռեժիմով՝ ցանկացած իրադարձության վերաբերյալ արձագանքելով անհեթեթ գնահատականներով: Իրականում, սակայն, նրանք նման վարքագծով ավելի են խորացնում այն համոզմունքը, որ Պապիկյանի գտնվելը Պաշտպանության նախարարի պաշտոնում ամբողջությամբ անհեթեթություն է:

Ի դեպ, Սուրեն Պապիկյանին հորդորում ենք ԶԼՄ-ի հետ սպառնալիքների լեզվով չխոսել: Հասկանում ենք, որ դատական իշխանությունն իրենց ձեռքին է՝ ինչ որոշում ցանկանան՝ կստանան, սակայն դա նրանց իրավունք չի վերապահում սպառնալ ո՛չ ԶԼՄ-ներին, ո՛չ քաղաքացիներին: Առավել ևս, երբ Պապիկյանի ղեկավարած կառույցը բազմաթիվ կոպիտ վրիպակներ է թույլ տալիս իր պաշտոնական հաղորդագրություններում և խնդրում են այդ նույն ԶԼՄ-ներին, որպեսզի իրենց կոպտագույն սխալները խմբագրենք:

kotayk

Լրահոս