19 Սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով զոհվել է 19–ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը։

Ani Product

Նա Արագածոտնի մարզի Օրգով բնակավայրից էր։ Բանակ էր զորակոչվել 2021 թվականի հուլիսին։ Սկզբում ծառայել էր Արմավիրում, հետո տեղափոխվել՝ Կապան։

Ani Product

News.am-ի հետ զրույցում  նրա հորեղբայրը՝ Դերենիկ Կարապետյանը պատմել է, որ Կարենը զոհվել է սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերը՝ Ադրբեջանի հարձակման առաջին գիշերը։

«Մի շաբաթ է՝ դիրքում էր, հերթապահություն էր իրականացնում։ Կեսգիշերն անց, երբ արդեն հակառակորդը հարձակվել էր, Կարենը հաղորդագրություն էր գրել ծնողներին, որ «իմ մոտ ամեն ինչ լավ է, հնարավորություն չունեմ զանգել, հետո կզանգեմ», սա իր վերջին հաղորդագրությունն է եղել, դրանից հետո մեր զանգերն արդեն անպատասխան մնացին»,– պատմել է Կարենի հորեղբայրը։

Կարենի հարազատները տեղեկություն չունենալով նրա մասին, գնացել են Կապան, որտեղ նրանց հայտնել են, որ Կարենի անունը անհետ կորածների ցուցակում է, երկու օր անց անճանաչելի վիճակում հայտնաբերվել  է Կարենի աճյունը։ Ձախ հոնքի հատվածում սպիի եւ պարանոցի խալի միջոցով են հարազատները ճանաչել Կարենի աճյունը։

Հորեղբոր խոսքով՝ Կարենի աճյունը ուշ է հայտնաբերվել, որովհետեւ այն դիրքը, որը նա պաշտպանել է, անցել է հակառակորդի վերահսկողության տակ։

«Կարենը դիրքը չի լքել, իր ջոկին նահանջի հրաման է տվել, հասկացել  է, որ երեխաներն ի վիճակի չեն հակառակորդի մեծ թվով զորքի դեմ պայքարել, Կարենն ասել է՝ տղերք գնացեք, ես կհասնեմ ձեզ, դիրքը պահել է մինչեւ վիրավորվելը, բժշկի ասելով Կարենը զոհվել է արնաքամ լինելու պատճառով, նրա հետ եւս մեկ զինծառայող է զոհվել, որը Կարենին չէր լքել»,– պատմել է Դերենիկ Կարապետյանը։

Կարենը դպրոցն ավարտելուց հետո բանակ էր զորակոչվել, սիրում էր խոհարարությամբ զբաղվել։ Կարենը երեք եղբայր ունի։

19–ամյա Կարենին հուղարկավորել են այսօր՝ սեպտեմբերի 19–ին, զինվորական կարգով, հայրենի Օրգով գյուղում։

 

Լրահոս