7 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Ani Product

«Նախքան հանդիպումը Նորին Սրբության նախագահությամբ ՀԲԸՄ անդամներն աղոթք բարձրացրին առ Աստված ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ և ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի ու նրա տիկնոջ՝ Մարի Մանուկյանի շիրիմների առջև նրանց և ՀԲԸՄ–ի երջանկահիշատակ երախտավորների հոգիների հանգստության և խաղաղության համար։

Ani Product

Այնուհետև Վեհարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց հյուրերին։

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անունը և գործունեությունը իր սկզբնավորման օրվանից անքակտելիորեն կապված է մեր Սուրբ Եկեղեցու և ի մասնավորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը:

․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մշտապես իր զորակցությունն է բերել հայրենի անկախ պետականության վերակերտմանը՝ առաջին օրերից գործուն մասնակցություն ունենալով պետականաշինության սրբազան առաքելության մեջ»:

Հայոց Հովվապետը հաստատելէ, որ ՀԲԸՄ-ն այսօր էլ նույն նախանձախնդրությամբ և ուժականությամբ շարունակում է իր գործունեությունը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է, ինքնության անաղարտ պահպանությունը, նրա հոգևոր, բարոյական զորացումը և համազգային միաբանության ամրապնդումը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը և նրան անդամակցող ազնիվ բարերարներին, որոնց շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո վերակառուցված բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կառույցներ և շինություններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հավատքի ապրումն ու աստվածասեր ոգին, բազմաթիվ երեխաներ հայեցի կրթություն և դաստիարակություն են ստանում Հայորդյաց տներում, կարիքավոր բազմաթիվ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակություն, իսկ բարեգործական ճաշարաններում՝ սնունդ։

Նորին Սրբությունն ընդգծել է, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագույն մարտահրավերների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում՝ հայրենաբնակ մեր ժողովրդին զորակցության ու քաջալերանքի ևս մեկ կարևոր ուղերձ է:

«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարևոր անդրադարձ պիտի կատարեք այնպիսի խնդիրների, որոնք առնչվում են մեր ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին: Վստահ եմ նաև, որ իր կոչմանը հավատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և նրա անդամները պիտի շարունակեն նոր հանձնառությամբ լծվել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:

Մեր ժողովրդի գոյատևման և առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգևոր առողջ ուժերի համախմբումն է պետականությունը պահպանելու և ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետությունն է, որ երաշխավորում է մեր ժողովրդի բարեկեցությունը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, հարատևությունն ու մեր ազգային, հոգևոր ինքնության անխաթար պահպանումը»,- ամփոփեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին ներկայացրել է Մայր Աթոռի տարբեր կառույցների գործունեությունը, հատկապես հովվական և սոցիալական, քարոզչական և կրթադաստիարակչական ոլորտում իրականացվող աշխատանքները։

Հանդիպումը փակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով»։

Լրահոս