2 Հոկտեմբերի, 2022

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ։

«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ»,-նշել է Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ը շեշտում է, որ սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Քրիստինե Գրիգորյանը հիշեցնում է, որ այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում։

Հավելենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներում տարածված՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութին են անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

kotayk

Լրահոս