Առողջության պահպանումը առաջնային խնդիր է

20

Հայկ Շմավոնյան.«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն.

Բազմիցս կրկնված այս ճշմարտությունը մեկ անգամ ևս  հիշելու առիթը«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանի հետ հանդիպումն էր: Երբեմնի անմխիթար վիճակում գտնվող առողջապահական հիմնարկն այսօր նորովի է ներկայանում տարածաշրջանի`առողջական խնդիրներ ունեցող հասարակությանը:Կարելի է ասել`այն հիմնականում պատրաստ է ծառայելու իր գլխավոր նպատակին `պահպանելու կյանքում ամենաթանկը`մարդու առողջությունը:Նորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցած հիվանդանոց ,որակյալ մասնագետներ և հավատարմություն `Հիպոկրատի երդմանը.այս երեքի առկայությունն արդեն իսկ որակյալ բուժսպասարկման գրավականն է:Դրան հասնելու համար քիչ ջանքեր չի գործադրել 2000 թվականից հիվանդանոցի տնօրենի պաշտոնը ստանձնած Հայկ Շմավոնյանը:

-«Ապարանի բժշկական կենտրոն»-ը ո՞ր թվականից եք ղեկավարում:Եվ ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիների ընթացքում:

-Մինչ այդ, աշխատել եմ մայրաքաղաքի թիվ 1 հիվանդանոցում, որպես մանկական վիրաբույժ,ապա՝ Ապարանի շրջանային հիվանդանոցում որպես վիրաբույժ, հետո՝տնօրենի բուժգծով տեղակալ, գլխավոր բժիշկ, իսկ 2000թ-ից «Ապարան բժշկական կենտրոն»-ի տնօրենն եմ: Մասնագիտությամբ վիրաբույժ եմ, թեև այժմ ղեկավարի պաշտոնս թույլ չի տալիս որպես վիրաբույժ աշխատել։ Փոփոխություններ բավականին շատ են եղել։ Նախևառաջ ամբողջությամբ հիմնանորոգվել է բուժկենտրոնի մասնաշենքը և հագեցվել եվրոպական ժամանակակից սարքավորումներով։ Այդ աշխատանքներն իրականացվել են ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի «Աջակցություն մարզային հիվանդանոցներին» ծրագրով։

-Իսկ Ձեր բժիշկներն այլ երկրներ վերապատրաստումների մեկնո՞ւմ են։

-Ցավոք առայժմ այդ հնարավորությունը մենք չունենք, սակայն մեր բժիշկները անցյալ երկու տարիների ընթացքում, մինչ ԲԿ-ի գործելը հանրապետության լավագույն կլինիկաներում, բարձրակարգ մասնագետների մոտ անցել են վերապատրաստումներ։

-Դուք գո՞հ  եք ունեցած կադրերից:

-Կադրերին պետք է գնահատել,նրանց զարգանալու հնարավորություն տալ և, իհարկե, պահանջել:Հավատացեք,որ շատ են մեզ մոտ բանիմաց,իրենց մասնագիտությանը լավագույնս տիրապետող կադրերը:Սակայն նոր մարդկանց կարիք էլ ունենք:Եվ արդեն պայմանագրեր ենք կնքել մի շարք երիտասարդ մասնագետների հետ,ովքեր այս պահին կատարելագործման դասընթացներ են անցնում,որպեսզի առաջիկայում համալրեն մեր հիվանդանոցի բուժանձնակազմը:

-Խոսակցություններ կան ,որ բավականին մեծ է բուժկենտրոնում կոռուպցիոն ռիսկերը:

-Կոռուպցիան խրախուսելի է երբ բացակայում է…. Բժիշկների աշխատավարձերի բարձրացումը նաև կնպաստի այդ կոռուպցիոն ռիսկերին: Իհարկե  աշխատավարձերի բարձրացում եղել է, բնականաբար կոռուպցիան նվազել է:Անհամեմատ բարձրացել է պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձը:Իմ ղեկավարած բուժկենտրոնում բացառում եմ նման դեպքերը…

-Ի՞նչ բաժանմունքներ են գործում բժշկական կենտրոնում։

-«Ապարանի հիվանդանոց բժշկական կենտրոնում» գործում է ծննդատունը, մանկական, թերապևտիկ, մանկական վիրաբուժության, մանկաբարձագինեկոլոգիական, պոլիկլինիկական ծառայությունները, վերակենդանացման բաժին, լաբորատոր ախտորոշիչ, որոնք ունեն իրենց ենթաբաժանմունքները։Վերանորոգումից հետո ունենք լապարասկոպիկ վիրահատությունների հնարավորություն ,որի համար ունենք անհրաժեշտ բոլոր սարքավորումները և վիրահատություններ ենք իրականացնում: Ունենք նաև աչքի բաժանմունք, որի անհրաժեշտությունը շատ ուներ մեր մարզը: Այս բաժանմունքի բարձրակարգ գործունեության համար ևս առկա են անհրաժեշ բուժսարքավորումները: Արդյունքում մեր բնակիչները այլևս ստիպված չեն լինի տեսողական և աչքերի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում դիմել մայրաքաղաքի բուժհաստատություններ: Կենտրոնին կից՝ գործում են նաև մեծերի և մանկական պոլիկլինիկական բաժանմունքները, շտապ բուժօգնության կայանը։

-Հիվանդանոցը ի՞նչ բացեր ունի, որոնք կարիք կա լրացնելու և առհասարակ առաջիկայում ի՞նչ հարցերի շուրջ եք աշխատելու։

-Հիվանդանոցն աշխատող օրգանիզմ է, ուստի կարիք ունի անընդհատ ավելի հասունանալու, վերազինվելու և հեռուն նայելու։ Ունենք նոր ծառայություններ բացելու ծրագիր։ Այսօր ողջ աշխարհում աչքի հետ կապված խնդիրներն ամենահաճախ հանդիպողն են։ Վատ չէր լինի, եթե մենք մեր բուժկենտրոնում կարողանաինք կատարել նաև աչքի վիրահատություններ։ Ի միջիայլոց մենք շատ անհետևողական ենք մեր առողջության, մասնավորապես աչքերի հարցում։ Մեզանում շատերի մոտ առկա են աչքի տարբեր խնդիրներ։ Մեզ թվում է, որ եթե աղոտ ենք տեսնում, հեռուն կամ հակառակը` մոտը չենք տեսնում դրանք այնքան էլ լուրջ խնդիրներ չեն, կարևորը տեսնում ենք և եթե տեսնում ենք, ապա ամեն ինչ կարգին է։ Հարգելինե՛րս, աչքի հետ չի կարելի խաղալ և եթե նույնիսկ աննշան անհանգստություն եք զգում աչքերում` պետք է անհապաղ դիմել մասնագետի։ Ի վերջո ամեն փոքր բանից է մեծ խնդիր առաջանում, որը սակայն լուծելու համար արդեն շատ ուշ է լինում։ Պետք չէ սպասել մինչև Ձեզ մոտ տեսողության կտրուկ անկում նկատվի, նոր խուճապի մեջ դիմեք համապատասխան բժշկի։

-Պարո՛ն Շմավոնյան , հիվանդանոցում շրջելիս նկատեցի, որ այստեղ աուրան մի տեսակ դրական է, ինչը չէի ասի այլ հիվանդանոցների մասին։ Ձեզ մոտ մի տեսակ մոռանում ես, որ հիվանդանոցում ես գտնվում, պատերն էլ հիվանդանոցներին հատուկ սպիտակ կամ կապույտ չեն ներկված։Կարծում եմ պատճառը հենց դա է, որ այստեղ մտնելուց չես ճնշվում։ Սա հատո՞ւկ է արվել։

-Մարդը հիվանդանոց գնալուց առաջ արդեն ճնշված է լինում, քանի որ գիտի, թե ուր և ինչի համար է գնում։ Մենք այդ տրամադրվածությունը փոքրիշատե կոտրելու համար որոշեցինք տարբերվել մյուս հիվանդանոցներից և մի քիչ աշխուժություն մտցնել։ Ընդհանրապես գունային երանգները մեծ ազդեցություն են ունենում մարդու տրամադրության և հոգեկան ներաշխարհի վրա։ Քանի որ գրեթե բոլոր հիվանդանոցներում սպիտակ և կապույտ գույներն են իշխում, դրանք մարդկանց համար ընկալվում են արդեն որպես հիվանդանոցային գույներ։ Երբեմն նույնիսկ այլ շինություն մտնելիս, երբ բախվում եք վերոհիշյալ երկու գույների հետ արդեն նեգատիվ զգացողություններ են առաջանում։ Դա էր պատճառը, որ մենք որոշեցինք այլ երանգների մեջ ներկել հիվանդանոցը։ Եվ ինչպես Դուք ինքներդ զգացիք, այստեղ մթնոլորտն այլ է, ճնշող չէ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Բացի դրանից մենք խիստ ուշադրություն ենք դարձնում բուժկենտրոնի մաքրությանը։ Այստեղ ամեն ինչ իդեալական մաքուր պետք է լինի և այդ հարցում մեզ մոտ բժշկից մինչև կրտսեր բուժաշխատող շատ հետևողական են։

-Հասարակության հետ խնդիրներ ունենու՞մ եք:

-Մեզ հետ շփվում է հասարակության հիվանդ խավը:Հետևաբար,մենք ըմբռնումով ենք մոտենում նրանց,փորձում օգնել`ինչով կարող ենք:Բանն այն է,որ մարզերում ավելի սուր են սոցիալական խնդիրները,բնակչությունն անվճարունակ է,իսկ պետպատվերի շրջանակում բուժվելու հնարավորություն  ունեցողների թիվը սահմանափակ է :Եվս մեկ խնդիր.մեր հասարակության մեջ կարծես արմատացել է այն սովորույթը, որ բժշկի են դիմում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:Շատ կուզեի,որ մարդիկ ավելի հետևողական լինեին իրենց առողջության նկատմամբ:Չ՞է որ կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է:

-Պարոն Շմավոնյան, ինչպե՞ս է ընթանում շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրը Ձեզ մոտ։ Ո՞ր փուլում եք և ի՞նչ անելիքներ ունեք առաջիկայի համար։

-Այժմ նախարարությունը իրականացնում է շտապօգնության ծառայության արդիականացում, տեղեկատվական ընդհանուր բազայի ստեղծում, ընդհանուր համակարգչային ցանց, որպեսզի մոտ ապագայում կանչ ստանալու դեպքում բժիշկն արդեն հիվանդի մասին ունենա բազային ինֆորմացիա, պատկերացում կազմելու համար, թե ուր է մեկնում։ Տարածաշրջանի բնակչությունը բավականին դրական է տրամադրված շտապօգնության ծառայության նկատմամբ, արձագանքները հիմնականում դրական են։ Սակայն այդ դժգոհությունները, մտահոգություններն ու բողոքները ևս ընդունելի են մեզ համար։ Շատ բնական է, երբ մարդն իր հարազատի համար շտապօգնության կանչ է տալիս, նրա համար մի քանի րոպեն ժամից ավել է թվում, ուստի մենք այս ամենին մոտենում ենք գիտակցաբար և մեծահոգաբար։ Փառք Աստծո, ժամանակակից տեխնիկան թույլ է տալիս ֆիքսելու թե՛ կանչի պահը, թե՛մեքենայի մեկնելու պահը և թե՛ հիվանդի հասցե հասնելու ու այնտեղից դուրս գալու պահը։ Այնպես որ, կարծում եմ, յուրաքանչյուր խնդիր այս համատեքստում ի վերջո հարթվում է:

-Այսօր հայ իրականության մեջ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում բժշկի նկատմամբ վերաբերմունքը հասարակության կողմից։

-Եթե ես իմ սեփական փորձի կամ մեր բուժկենտրոնի շրջանակներից ելնելով խոսեմ, ապա միանշանակ շատ շնորհակալ և լավ վերաբերմունք կա բժշկի և նրա աշխատանքի նկատմամբ։ Սակայն հեռուստաէկրանին և մամուլում մենք նկատում ենք այնպիսի տեսանյութեր և հրապարակումներ, որոնք վարկաբեկում են բժշկի աշխատանքը։ Մշտապես խոսվում է կորցրած հիվանդների մասին, բայց երբեք չեն նկարահանվում կամ հրապարակվում նյութեր, որոնք կպատմեն փրկված հիվանդների, բժիշկների անցկացրած անքուն գիշերների մասին։ Չէ՞ որ բոլոր ոլորտներում էլ լինում են բացառություններ, եզակի անհաջող դեպքեր, բայց չի կարելի դրանք ընդհանրացնել և տարածել բոլորի վրա։ Մեծ ցանկություն ունեմ, որ առողջապահությանը, բժշկին հանիրավի քարկոծելը վերանա մեր հանրապետությունից, և որ վերականգնվի բժշկի նկատմամբ այն հարգանքը, որը մշտապես գերակայել է հայ ժողովրդի մեջ։

Երբ մարդիկ աշխատում են բարձր պատասխանատվությամբ՝ հավատարիմ մնալով Հիպոկրատին տված երդմանը,բարձր արդյունքներն ակնհայտ են:Այդ են վկայում բժշկական այս կենտրոնում առկա հնարավորություններն ու ձեռքբերումները, հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմին ուղղված երախտագիտության խոսքերը…