«Ես իմ ժողովրդի հետ եմ»․ Էդգար Հայրապետյան

7

 Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածուներ՝ գործող գյուղապետ Ալեքսան Ալքեսանյանը, Էդգար Հայրապետյանը, Ջանիկ Խալաթյանը և Արբակ Միսակյանը:  Մենք այցելել ենք Օհանավան և զրուցել թեկնածուների և բնակիչների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Օհանավանի գյուղապետի թեկնածուներից Էդգար Հայրապետյանի հետ:

  Պրն. Հայրապետյան  հետաքրքիր պայքար է լինելու  թեկնածուների միջև, ինչպե՞ս կմեկնաբանեք: 

  – Այնքանով  կլինի հետաքրքիր, որ գրեթե բոլորս երիտասարդ կադրեր ենք, նոր ուժով և եռանդով լեցուն: Կարևորը պայքարը ընդամենը մրցակցության շրջանակներում է, ոչ ավելին:

 –  Ինչպիսի՞  քարոզարշավ իրականացրեցիք: 

   Այս ընտրություններն իրենց տեսակով, իհարկե, խիստ կտարբերվեն: Մենք կանգնած ենք անչափ կարևոր որոշման առջև։Հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է որոշակիորեն փոխվեն առաջնահերթությունները, մշակվեն գործելակերպի նոր ուղիներ: Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին:Այսօր մեր առջեւ խնդիր ունենք հասարակությանը հնարավորինս ճիշտ ներկայացնել միավորման բոլոր առավելությունները, որպեսզի որոշումը լինի գիտակցված, և յուրաքանչյուրը դառնա մասնակից ու շահագրգիռ։ Առհասարակ քարոզարշավը շատ նորմալ, բնականոն իրավիճակ է ընտրությունների նախօրեին, այնուամենայնիվ մենք շատ նորմալ քարոզարշավ  իրականացրեցինք, ամեն ինչ հասցրեցինք ժամանակին: Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ: Երբ տեսնում ենք, նորմալ բարևում ենք միմյանց, բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ այս գյուղում ապրելու ենք, հաղորդակցվելու: Թե ո՞վ է ավելի արժանավորը՝ թող որոշի ժողովուրդը։ Եթե իմ ընդդիմադիրն ընտրվի՝ ես միայն կշնորհավորեմ: Սա քաղաքականություն է, ոչ մի աթոռ կամ պաշտոն հավերժ չէ: 

  -Ինչպիսի՞  ծրագրերով եք հանդես եկել հանրության առջև:

– Մեր գյուղն այսօր իրոք դինամիկ զարգացող համայնքներից մեկն է, որը, սակայն, այս մակարդակին հասնելու համար մեծ ճանապարհ է անցել: Հասկանում ենք, որ հանրապետությունում սոցիալ – տնտեսական խնդիրներ կան, բայց մենք էլ մեր հերթին կփորձենք  անել այնպես, որ այն փոքր-ինչ մեղմվի: Ես միշտ բնակչության կողքին եմ եղել, և ուրախությանը, և տխրությանը: Մարդկանց ամեն մի հոգսը նաև իմն է և ես պարտավոր եմ այդպիսին լինելու, և հոգուցս է գալիս:

 ՏԻՄ ընտրություններում հաղթելու դեպքում, իմ բոլոր գործողությունները միտված են լինելու հետևյալ ծրագրերի իրականացմանը՝ 

  • Կտրուկ բարելավել համայնքապետարանի աշխատանքների և սպասարկամ որակը:
  • Լուծել գյուղացիների հողերի օրինականացման և փաստաթղթավորման խնդիրները, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հատկացնել գյուղացիներին ըստ անհրաժեշտության և առաջնահերթության:
  • Զբաղվել գյուղի բոլոր փողոցների լուսավորության հարցերով:
  • Հետևել աղբահանության լիարժեք կազմակերպմանը:
  • Կահավորել կանգառները:
  • Վերանորոգել մշակույթի տունը, ստեղծել պատշաճ պայմաններ մշակութային և սպորտային խմբակների համար:
  • Կազմակերպել տոնական միջոցառումներ, դրանք դարձնելով ավանդույթ:

-Եվ վերջում` Ձեր կարգախոսը: 

   «Ես իմ ժողովրդի հետ եմ» , և ամեն ինչ անելու եմ մեր բնակչության համար: Օհանավանցիներին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին և ձայն տալ արժանավոր թեկնածուին, ում որ կնախընտրեն: «Թող իրենք իրենց արժանի մարդու ընտրեն»: Ընտրություններն էլ կանցնեն հաշտ, խաղաղ պայմաններում: Այսօր կարելի է ասել, որ արդար ընտրություններ անցկացվում են գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են և որևէ մեկը չի կարող մասնակցել կրկնակի քվեարկությանը:

Mnews.am