Մեծամորի աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները հոշոտված են եղել․ նոր մանրամասներ

2

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները:

2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Փաստինֆո»-ի  փոխանցմամբ էլ նորածնի վերջույթները եղել են հոշոտված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի երեխան մեռելածի՞ն է եղել, թե՞ դարձել է սպանության զոհ:

Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել են աղբահանություն իրականացնող ծառայության աշխատակիցները և ահազանգել իրավապահներին: