«Մեր խոսքը գործ է». Հովիկ Թադևոսյան

377

Հովիկ Թադևոսյան. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար

Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի կունենա հերթական ՏԻՄ ընտրությունները: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 2 թեկնածու՝ գործող համայնքապետ նախկին ԲՀԿ-ական Հովիկ Թադևոսյանը և անկուսակցական՝ Կարեն Հարությունյանը:  Հովտաշատի  ՏԻՄ ընտրությունները մյուսներից առանձնանում են  այստեղ ստեղծված լարվածությամբ: ՀՀԿ-ական թևը՝  մարզպետն իր յուրայինների հետ միասին, բնականաբար, աջակցում է  գործող  համայնքապետին: 

Համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանը, ով համայնքապետ է ընտրվել 2012թ. նոյեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, առաջնահերթ խնդիր էր համարում այն, որ փոքրիկները լավ պայմաններում հաճախեն  մանկապարտեզ, ուստի պատահական չէր, որ համայնքապետի աշխաանքային գործունեությունը սկսվեց հենց այս խնդրին լուծում տալով:
Մինչ այդ էլ Հովիկ Թադևոսյանը ամենատարբեր հարցերով օգնել է համագյուղացիներին, ներդրումներ արել համայնքի մի շարք խնդիրներին լուծում տալու գործում: Սակայն գյուղապետ ընտրվելով՝ պատասխանատվությունն ու ծրագրերն առավել քան ավելացել են։

Պարոն Թադևոսյան, ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել. գաղտնիք չէ, որ Դուք բիզնեսներ ունեք, և շատերի համար զարմանալի էր Ձեր այդ քայլը։

– Ինձ համար ինքնանպատակ չէր գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն՝ ելնելով իմ կուսակցական, ընկերական, ինչպես նաև ֆինանսական կարգավիճակից, հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում եմ ես, ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար, լավ կառուցել իմ երեխաների, թոռնիկների իմ համագյուղացիների տունը, իմ հայրենի օրրանը։

  –Դեռևս չորս տարի է ինչ  ղեկավարում եք Հովտաշատ համայնքը, գյուղացիները փաստում են, որ այդ կարճ ժամանակահատվածում գյուղում արդեն դրական տեղաշարժեր են նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

– Մեծ ցանկությամբ և նվիրումով: Ժողովրդի քվեն պարտավորեցնող է և ուսուցանելի: Ինչու՞ ուսուցանելի, որովհետև երբ նրանք վստահում են, իրականում փորձում են մեր ուժերը և հասկանում արդյոք պիտանի մարդ ենք մեր համայնքին կամ իրենց: Ընտրվելուց հետո չպետք է մոռանալ նախընտրական ծրագրերի  և շռայլած խոստումների մասին: Նախկինում մեր համայնքապետն իր թիմի հետ միասին շատ տարիներ է անիմաստ վատնել՝ անտեսելով համայնքի հոգսն ու խնդիրները:

  -Լինել համայնքի ղեկավար և միևնույն ժամանակ զբաղվել բարեգործությամբ, դժվար չէ՞ համատեղել: 

-Չեմ ուզում շեշտել, թե ինչ եմ արել, քանի որ՝ եթե հիշում ես արածդ, ուրեմն՝ ոչինչ չես արել։ Ամեն դեպքում պարտավորեցնող և նվիրական է, երբ արածդ գնահատվում է և ուշադրության ես արժանանում: 2012թ. Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի հիմնադիր Բախչինյանի կողմից հասարակական, քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել եմ Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

 – Կներկայացնեի՞ք 2012-2016թթ.  համայնքի բյուջեի միջոցներով կատարած աշխատանքներից: 

Կատարել ենք՝

  •  Ասֆալտապատումներ, մոտ՝ 28.972.500հհ դրամի չափով
  • Փողոցների լուսավորում՝ 16.384.610 հհ դրամ
  • Մանկապարտեզի վերանորոգում՝ 18.392.000 հհ դրամ
  • Համայնքապետարանի շենքի վերանորոգում 10.100.000 հհ դրամ
  • Մշակույթի տան վերանորոգում 9.500.000 հհ դրամ
  • Փողոցների հարթեցման և կոճապատման աշխատանքներ՝4.000.000
  •  Համայնքի գլխավոր հատակագիծ՝ 4.800.000
  • Մինի ֆուտբոլի դաշտի կառուցում՝ 25.383.000
  • Այս աշխատանքներին զուգահեռ կատարում ենք աղբահանության աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում են միայնակ թոշակառուները, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքները, Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները:

– Իսկ ինչպիսի՞ն է Ձեր բարենորոգումների ծրագրերը և նպատակները. կներկայացնեի՞ք.

– Մեր խոստումները իրականցնելու և իրագործելու համար  հստակ ժամանակային գրաֆիկ չունենք: Գուցե որոշակի ֆինանսական բարդությունների պատճառով չորս տարվա փոխարեն կատարում ենք  վեց տարում: Ծրագրային աշխատանքները ևս շատ են, օրինակ՝ ավարտին հասցնել մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, սկսել մեզ համար շատ բաղձալի եկեղեցու շինարարությունը: Աջակցել համայնքի երիտասարդությանն ու ուսանողությանը, և այս ամենի հետ մեկտեղ համատեղել բազմիցս տրվող սոցիալական օժանդակությունը: Միայն համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել կարևորագույն   դժվարությունները:

Այսօր բազում խնդիրներ  գյուղում լուծվում են հաճախ նաև Ձեր անձնական միջոցների հաշվին, մի քիչ անհավանական է հնչում, քանի որ շատերը ձգտում են համայնքի ղեկավար դառնալ ոչ թե ինչ որ բան տալու, այլ՝ ստանալու համար 

-Տանելու բան չունեմ, ստանալու՝ առավել ևս. ինձ ճանաչողները միանշանակ կարող են դա փաստել։ Ես միայն մեկ ակնկալիք ունեմ. իմ սեփական բիզնեսից էլ առավել զարգացնել իմ գյուղը։ Դա ինձ համար աշխատանքային գործունեության հիմնական սկզբունքն է:

 Ծրագրերը շատ են,  դրանք իրագործելու ցանկությունը՝  մեծ։  Հավատացնում եմ, որ նպատակաուղղված աշխատանքի արդյունքն, առաջիկա տարիներին, անշուշտ, տեսանելի կլինի բոլորին։

 Կատարած աշխատանքները բնականաբար բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում:  Վստահ եմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները:

Mnews.am