11 Նոյեմբերի, 2019

Առաջիկա ծրագրերն ու նախագծումներն առավել հուսադրող ու ոգևորիչ են Կոտայքի մարզի Արամուս համայնքում: Ղեկավար Հրայր Նիկողոսյանի -ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2002թ-ից: Այս տարիներին այստեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են:

-Այսօր ծրագիր ենք իրականացնում,- նշեց պարոն Նիկողոսյանը,- ամենակարևորը երևի թե գյուղացու համար ոռոգման ջրի հարցներ ,որը լուծված է, համակարգը նորացվել է:Հաջորդը` գազաֆիկացում, որը նույնպես գրեթե ամբողջությամբ լուծվել է։Նույնը կարող եմ ասել նաև խմելու ջրի հետ կապված,այս պահին Արամուս համայնքի Երիտասարդական 5-րդ թաղամասի համար խմելու ջրի ջրագծի անցկացման աշխատանքներն են իրականացվում:

Զոհվածների հիշատակին հուշաղբյուր ենք կառուցել, Հայրենական մեծ պատերազմի հուշարձանն ենք վերանորոգել, Սուրբ Հակոբ եկեղեցին հիմնանորոգել, Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ խաչքար ենք տեղադրել: Մասնակի վերանորոգել ենք մշակույթի տունը: Երաժշտական դպրոցն ենք ջեռուցմամբ ապահովել: Գյուղապետարանի շենքն ենք նորոգել, բարեկարգել հարակից տարածքը: Հիմնական փողոցներում արտաքին լուսավորություն ենք անցկացրել: Մասնակի փոսալցում է արվել ճանապարհներին: Շուրջ 20 մլն դրամ ներդրում ենք արել դպրոցում` փոխելով պատուհանները: Առհասարակ, դպրոցի և երեխաների հետ կապված ցանկացած հարցում պատրաստակամորեն մեր աջակցությունը ցուցաբերում ենք:

Նյութապես խրախուսում ենք թե՛ գերազանց սովորող աշակերտներին, թե՛ ուսանողներին: Վերջիններիս, եթե դժվարանում են ուսման վարձը վճարելիս, օգնում ենք: Առաջին կարգի հաշմանդամներին թոշակ ենք նշանակել: Մահացածների ընտանիքներին օգնությունը պարտադիր է: Նորածին երեխաների առիթով ծնողներին պարգևատրում ենք: Սոցիալապես անապահովներին, բժշկական միջամտության դեպքում, հատկացում ենք անում:

«Ընթացիկ տարում ևս մեկ ծրագիր ենք կյանքի կոչելու,Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է մանկապարտեզի շենքի կառուցում:

Շուրջ 3800 բնակիչ ունեցող համայնքը կունենա մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով հրաշալի մանկապարտեզ, որը նախատեսված է լինելու 6 խմբերի համար,հաճախելու են մոտ 150 երեխա,նաև կողքի համայնքից՝ Կաթնաղբյուրից ,որ շատ մոտ է գտնվում Արամուսին: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն հայտնի է հայտարարված մրցույթի հաղթող շինարարական ընկերությունը, որը և կկառուցի մանկապարտեզի շենքը:

Շահած պայմանագրի արժեքը շուրջ 146 000 000 դրամ է, որից 50%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 50%-ը՝ համայնքի» ,- իր խոսքում նշեց համայնքապետը:

-Ի՞նչպես է այսօր ապրում արամուսցին։

Բոլորիս ձգտումն է, որ համայնքները ֆինանսական և մարդկային ռեսուրսներով հզոր ու ամուր լինեն, կյանքը բարեկեցիկ ու արժանապատիվ դառնա: Մեր գյուղում անհրաժեշտ բոլոր պայմաններն այսօր կան, ահա թե ինչու մերոնք չեն հեռանում, այլ, ընդհակառակը, ներհոսք է նկատվում: Մարդիկ ձգտում են սեփականություն ձեռք բերել և ամրապնդվել գյուղում: Մեր գյուղացիներն աշխատող, նախաձեռնող են։

Ժողովրդի մասին պետք է մշտապես հոգաս: Եթե մի պահ, ասենք, աչքաթող արեցիր այդ հոգսը, ապա հաստատ լավ գյուղապետ չես: Մարդը տեսնում, զգում է, արդարացում պետք չէ`պիտի անես առավելագույնը, որպեսզի մարդն իրեն պաշտպանված ու ապահով զգա: Բարոյապես` առաջին հերթին, ապա նաև` ֆինանսապես: Համայնքը մի մեծ  ընտանիքի պես է, ուստի մթնոլորտը մաքուր, խաղաղ ու տրամադրող պետք է լինի:

Արամուսցին  հյուրասեր ու հյուրընկալ է…

Mnews.am

 

kotayk

Լրահոս