15 Հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 21-ին հանրապետության մի շարք մարզերում տեղ են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Էջմիածնում ի տարբերություն մյուս համայնքների գերակշռող են առաջադրված թեկնածուների քանակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց առաջադրման դիմումներն են ներկայացրել քաղաքապետի տասնչորս թեկնածուներ, ովքեր քարոզչության ժամանակահատվածում ակտիվ հանդիպումներ ունեցան քաղաքացիների հետ: Մեկ տասնյակից ավելի թեկնածուներից հատկապես կարող ենք նշել և ներկայացնել Վահե Մովսիսյանին, ով վայելում է համաքաղաքացիների մեծ սերը և հարգանքը: Վահե Մովսիսյանը ծնվել է Էջմիածնում, ավարտել Մանկավարժական համալսարանը, 2010 թվականից մինչև ինքնաառաջադրումը աշխատել է  ֆինանսական ոլորտում :

Պարոն Մովսիսյան հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի  ընտրություններում առաջադրել եք Ձեր թեկնածությունը, ո՞րն է եղել  առաջադրվելու հիմնական դրդապատճառը:                                                             

 -Իմ առաջադրման հարցում իրենց ուղենշային և ոգևորիչ ազդեցությունն ունեցան քաղաքի մտավորականները, մանկավարժները և ինձ հարազատ մարդկանց հորդորներն ու խնդրանքները: Իրենց խոսքում նշում էին, որ իմ մեջ տեսել են այն անձին, ով կարող է թավշյա հեղափոխության ոգին և ջահը  բերել Էջմիածին, որը առ այսօր մեզ մոտ բացակայում է: Էջմիածնում միակ փոփոխությունը, դա որոշակի քաղաքական դաշտի և մտածողության փոփոխությունն է, ոչ ավելին: Տնտեսական տենդենցներին, մարդկանց կենսակերպի բարելավմանը նպաստող որևիցե դրական տեղաշարժ չի նկատվում մեզ մոտ: Մայիսից մինչ այսօր Հայաստանում նկատվում է տնտեսական աճ, արդարադատության դրսևորման բարելավում, օրինակը Հայաստանի հանրապետության կառավարության անդամներն են, բոլորն էլ կիրթ, բանիմաց մարդիկ են: Այդ սիմվոլը մենք  ցանկանում ենք ունենալ և տեսնել Էջմիածնում, որպեսզի այստեղ ևս հաստատվի թավշյա հեղափոխության հիմքերը: 

Առաջադրված մյուս տասներեք թեկնածուներից ու՞մ եք համարում Ձեզ մրցակից: Ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները նրանց հետ: 

 -Անուններ  չեմ ցանկանա տալ: Իհարկե կան մարդիկ, որոնց նույնիսկ չեմ էլ ճանաչում, մի մասին էլ գիտեմ որպես համաքաղաքացիներ: Ինձ համար թեկնածուն արժևորվում և ընդգծվում է իր ներկայացրած ծրագրերի և թիմային ներկայացվածության շնորհիվ: Ես անկուսակցական եմ և երբևէ չեմ եղել կուսակցական պատկանելիության: Ամենքս մեր քարոզարշավն ենք անում,  անկախ մեր դիրքորոշումներից: Հաղթանակը ժողովրդինն է լինելու: Ժողովուրդը ինձ առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու և սպասելու ու պահանջելու է իր առաջարկի դրական արդյունքներին: Բավական է մենք ընտրություններին շահարկենք պայքարել տերմինը, բավական է որ հայը հայի դեմ պայքարի, հայը հայի դեմ պետք է մրցի. պայքարը բացասական երևույթ է: Մեր թիմով սոցիալական հարցումների միջոցով կարողացել ենք քաղաքի բնակչության խնդիրներին ծանոթանալ և ներառել մեր նախընտրական հրատապ  ծրագրերի մեջ: 

-Ինչպե՞ս եք գնահատում ժամանակավոր պաշտոնակատարի աշխատելաոճը: 

  -Միանշանակ բացասական եմ գնահատում, քաղաքի մշակութային կյանքը հետընթաց է ապրում, աղբահանության վիճակը զրոյական մակարդակում է, էլ չենք  խոսում զարգացվածության և կրթվածության ցենզի չպահպանումը քաղաքապետարանի ապարատի կողմից:-Մի փոքր խոսեք քարոզարշավի ընթացքի մասին, ինչպե՞ս ընթացավ: 

  -Քարոզարշավը նախընտրում եմ անել շատ ակտիվ, փողոց առ փողոց, տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս: Հիմնականում իմ աշխատանքներին և ուշադրությանս կարժանացնեմ ծայրամասային թաղամասերին, որոնք լքված և մարված վիճակում են գտնվում: Ծայրամասերում այնքան հասարակ խնդիրների կարող ենք հանդիպել, որոնք ամոթալի է, որ  21-րդ դարում լուծում չեն գտել: Մեզ մոտ բացակայում  է աղբահանության կանոնակարգված համակարգը, այն գտվում է զրոյական մակարդակի վրա: Մեր կազմած ծրագրերի մեջ ունենք հրատապ խնդիրներ, որոնք պիտի չլինեին վաղուց, իրավունք չունի տուրիստական և մշակութային մեր հոգևոր քաղաքը այսպիսի խնդիրների առաջ կանգներ: Համեմատության համար ասեմ, որ յուրաքանչյուր տարի Էջմիածին այցելում են մեկ միլիոնից ավել մարդ, սակայն գալով տեսնելով հիասթափվում են քաղաքի անբարենպաստ պայմաններից:

 – Ես չեմ գնում ընտրություններին ընդառաջ, որ ներկայացնեմ իմ անցյալը կամ ներկան, ես գնում և վստահ քայլերով առաջ եմ շարժվում ներկայացնելու մեր Էջմիածնի ապագան:  Մի փոքր գաղտնիք ասեմ, արտերկրից ցանկություն հայտնող ներդնողների մասին, ովքեր քարոզարշավի ընթացքում ինձ օժանդակել են իրենց ներկայությամբ և կոչերով՝ հանուն մեր քաղաքի բարվոք ապագայի: -Որքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու շանսերը: Ինչպե՞ս կվարվեք ընտրվելու և չընտրվելու դեպքերում: 

   -Ո՛չ դաշտից եմ հեռանալու, ո՛չ քաղաքից, առավել ևս ժողովրդից: Ես վերջին ութ տարում, ամեն օրս, ամեն րոպես անցել է ժողովրդի հետ կենդանի շփումով, ընդհանրապես չեմ մտածում պարտության մասին, ես գնում եմ հաղթանակին ընդառաջ: Իմ թիմում այլընտրանք չենք քննարկում, մենք քննարկում ենք ընտրություններից հետո մեր անելիքների մասին: Մեր թիմով սոցիալական հարցումների միջոցով կարողացել ենք քաղաքի բնակչության խնդիրներին ծանոթանալ և ընդգրկել մեր նախընտրական հրատապ  ծրագրերի մեջ: 

Մաղթում եմ էջմիածնեցիներին, որպեսզի չհուսահատվեն, չհուսալքվեն, իրենց համարեն 2018 թվականի նոր Հայաստանի արդար քաղաքացիներ, իրենք են որոշելու թե ում տան իրենց քվեն և ում են վստահելու քաղաքի ծառայությունը: Էջմիածնի քաղաքապետարանի դռները պետք է լինի 24 ժամ բաց և պետք է քաղաքապետի դուռը բաց լինի բոլորի առաջ, ցավոք մեզ մոտ ոչինչ չի փոխվել, անցաթղթեր, հերթագրումներ և այլն: Քաղաքացին չպետք է գնա քաղաքապետի մոտ իր հարցը բարձրացնելու, ո՛չ, քաղաքապետը ինքը պետք է ընդառաջ գնա իր բնակչին և լսի նրա խնդիրները: 

Mnews.am

kotayk

Լրահոս