14 Հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 21-ին հանրապետության մի քանի տասնյակ  համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրությունները: Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքը ևս կընտրի իր նոր  գաղափարներով և ծրագրերով լի համայնքապետին: Թեկնածուները երեքն են՝ Առաքել Գրիգորյանը, Գոռ Հակոբյանը և Տիգրան Հակոբյանը: Համայնքում հանդիպեցինք  Առաքել Գրիգորյանին, ով էլ ներկայացրեց իր առաջադրման դրդապատճառները: Առաքել Գրիգորյանը սովորել է Գյուղատնտեսական ինստիտուտում, մասնագիտությամբ տնտեսագետ է: Մշտապես զբաղվել է արտադրություններ ստեղծելով, սկզբում թռչնաֆաբրիկայով է զբաղվել, հետո հացի գործարանով, հիմա էլ զովացուցիչ ըմպելիքներ է արտադրում և իրեն բնավ չի համարում բիզնեսմեն, այլ արտադրող է, իրացումը իրենը չէ:

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս ընդունեցիք նոր Հայաստանի գալիքը:

-Գյուղն արդեն քանի  ամիս է, եփվում է հեղափոխության ազատության մեջ, դա շատ ոգևորիչ է: Ի վերջո սա պետք էր մեզ, այն նոր շունչ կհաղորդի բոլորիս կյանքի կենսակերպի լավացման հարցում, որպեսզի էլ ավելի հետևողական և սրտացավ լինենք մեզ վստահված գործում:

-Շարունակ խոսում են երկրում իրավիճակ փոխվելու մասին, ի՞նչ կարծիքի եք ՏԻՄ ընտրությունների դեպքում ինչպե՞ս կլինի:                                                           –

-Նախկինում այլ էր, ողջ կառավարական համակարգը մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին, բոլորս էլ տեսել ենք, բախվել այդ անարդարությանը: Ես 1996 թվականից ընդիմություն եմ եղել, դա իհարկե իմ աշխատանքին  չի խանգարել, ես իմ այգիներով և գործունեությամբ եմ զբաղվել, և պատկերացրեք ինչ դժվար է եղել ինձ համար լինել ընդիմադիր և զբաղվել բիզնեսով: Կարող եմ հավելել, որ ի տարբերություն մյուս համայնքապետերի, մեր նախկին գյուղապետի կողմից սպառնալիքներ չեն եղել հեղափոխությանը մասնակցելուն, մեկ բռունցք կազմեցինք և դա արեցինք:

-Ինչպիսի՞ ծրագրերով եք ներկայանում հանրությանը:

-Մենք ունենք մշակված ծրագրերի համակարգ, որը շատ բարենպաստ պայմանների առաջ կկանգնեցնի համայնքը: Նախկին գյուղապետի աշխատանքը չեմ փնովի, արել է և՛ աշխատանք և՛ սխալներ, նա այդքան էլ մեղավոր չէր, որքան հանակարգը, այլընտրանք չուներ, ինչ էլ արել է մարզպետարանից սկսած կառավարությունից վերջացրած տեղյակ են եղել: Բոլորն էլ նախկինում համակարգի գերի են եղել, հիմա շատ բան է փոխվել: Ճիշտ է որպես համագյուղացի խորհուրդ տալ կամ կարծիք հայտնել, քան հետևից փնովելը:Ծրագրերը ուղղորդված են ջրի խնդրի լուծմանը, մենք ունենք ոռոգման ջրի խնդիր, որի լուծումն ահագին գումարների ներդրմամբ է պայմանավորված: Գյուղը երկար ժամանակ ջրի գումար չի հավաքել և իր համար անսովոր կլինի նման ծախսեր անել: Պետք է ծրագիր մտածել ամառվա երեք ամիսներին ունենալ ոռոգման ջուր: Չունենք մանկապարտեզ, որի մասին գրեթե չեն խոսում, մեզանից փոքր գյուղեր ունեն մանկապարտեզներ, ինչու՞ մեր երեխաներն էլ չայցելեն իրենց համայնքինը: Ինձ համար կարելի է ասել սա առաջնային խնդրի լուծում է: Դաշտամիջյան վատ ճանապարհներ ունենք, որոնք գրեթե վերանայված չեն: Եթե ոռոգման նպատակով ջուր մտնի գյուղ, պիտի նաև մտածել ջրահեռացման խնդրի մասին, սրանք փոխկապակցված գործողություններ են, որոնք լուրջ լուծում են պահանջում, կոմունալ ոչ մի պայման չունենք համայնքում: Իրագործելը շատ ավելի բարդ է, քան նախօրոք երևէ խոստումներ տալը, ասել բոլորն էլ կարող են:

Ցանկանում եմ թեկնածուներին հաջողություն, երկուսն էլ երիտասարդներ են, երկուսն էլ իրենց առաջադրումով  հաստատում են համայնքում պատրաստակամ աշխատելու ցանկությունը, միայն թե պետք է սովորել ավելի քաղաքակիրթ բանակցություններով քարոզչություն անել և ոչ թե պայքարել, կարծում եմ դա ավելի քաղաքակիրթ է:

Mnews.am

kotayk

Լրահոս