15 Փետրվարի, 2019

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածուներ՝ գործող գյուղապետ Ալեքսան Ալքեսանյանը, Էդգար Հայրապետյանը, Ջանիկ Խալաթյանը և Արբակ Միսակյանը:  Մենք այցելել ենք Օհանավան և զրուցել թեկնածուների և բնակիչների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Օհանավանի գյուղապետի թեկնածուներից Ջանիկ Խալաթյանի հետ:

-Պարոն Խալաթյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը:   

   Ծնվել և բնակվում եմ Օհանավանում, անգամ ուսանողական տարիներին՝ հնարավորություն ունենալով, չեմ բնակվել Երևանում, ամեն օր վերադարձել եմ գյուղ: Ավարտել եմ Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանը և այժմ աշխատում եմ Ապարանի բժշկական կենտրոնում որպես ակնաբույժ: Ամեն օր առնչվում եմ այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են Օհանավանում: Կարծում եմ այդքան էլ դժվար չի լինի ինձ համար անցում կատարել մեկ հասարակական և հումանիստական աշխատանքից մյուսին: 

_Արդեն մոտենում է քարոզարշավի ավարտը, ինչպե՞ս ընթացավ հանդիպումները, ինչպիսի՞ հարցեր բարձրաձայնվեցին բնակիչների կողմից։ 

 –Ջերմ ու անկեղծ ընդունելության ենք արժանանում գրեթե ամենուր։ Սպասումի զգացողությունն է իշխում մեր համայնքում, մարդիկ սպասում են փոփոխությունների, ուզում են հավատալ վաղվա օրվա գալիքին։ Միաժամանակ հիմնախնդիրները տարիների միջով անցել ծանրացել են, կարծրացել, լուրջ փոփոխությունների կարիք կա համայնքում և ես իմ անձի, ընկերներիս հնավորության շրջանակներում կփորձեմ օգտակար լինել համայնքին:

-Ներկայանալու ինչպիսի՞ ձևաչափ ընտրեցիք քարոզարշավի ընթացքում։ 

  -Իմ ընկերների , աջակիցների հետ շրջել ենք բնակավայրերով, հանդիպել եմ հարյուրավոր մարդկանց, զրուցել եմ, ներկայացրել ինձ ու իմ նպատակները։ Սոցցանցերում նույնպես ակտիվ են իմ կողմնակիցները, հնարավոր մեթոդներով փորձում ենք ընդլայնել ընտրազանգվածը։ Կարծում եմ, հաջողության ենք հասնելու։ Ու նշեմ նաև, որ քարոզարշավի հարթ ու բարի ընթացքը պայմանավորված է նրանով, որ առաջին իսկ օրվանից չարախոսություններին, ֆեյքերին, անունս շահարկողների ու իրենց լսարանը մեծացնել փորձողների վրա ուշադրություն չենք դարձրել։ Մենք ունենք նպատակ ու քայլում ենք դեպի այն, բարին կամեցողների հետ։

-Ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը։ Հաշվի առնենք այն փաստը, որ տարիներ շարունակ եղել են խոստումներ, սակայն վստահության քվեն ստանալուց հետո այլևս մոռացել են բնակչին օգտակար և հասանելի լինելու մասին։   

 – Կրկնեմ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լավատեսորեն է տրամադրված։ Բնականաբար, շատ են նաև այնպիսիք, որ միայն կոնկրետ գործով, կարծում եմ որոշակիորեն երկրում իրավիճակ է փոխվել:

-Ձեր նախընտրական ծրագրերից որո՞նք եք  առաջնային համարում համայնքի բարեկարգման և ընտրողների համար:   

  – Բոլորն էլ ինձ համար առաջնային են, պարզապես անհրաժեշտ է օրինաչափությունը չխախտել և իրականացնել ծրագրերն ըստ անհրաժեշտության:Սպորտի և մշակույթի ոլորտներում կազմակերպել ոչ ֆորմալ կրթական ծրագրեր համայնքի պատանիների և մանկահասակ երեխաների համար:

  • Բարեկարգել և ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մշակութային  կոթողները և նրանց հարակից տարածքները:
  • Կառուցել խաղահրապարակներ, որպեսզի երեխաներն էլ ունենան իրենց զբաղմունքի կենտրոնները:
  • Ստեղծել հասարակական խորհուրդ համայնքի երիտասարդության խնդիրները քննարկելու և հոըզող հարցերին աջակցելու նպատակով:
  • Ակտիվ երիտասարդներին ներգրավել համայնքի զարգացման գործառույթներում:
  • Համագործակցելով մարզպետարանի և տարբեր հիմնադրամների հետ կառուցել ժամանակակից բուժամբուլատորիա:
  • Աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին ստանալ որակյալ բուժօգնություն: Բարեկարգել երկրորդական ներհամայնքային ճանապարհները:
  • Համայնքի բոլոր փողոցների լուսավորություն ժամանակակից խնայող լամպերով:
  • Համայնքապետարանի շենքի վերանորոգում:

Ինձ համար շատ խորթ արտահայտություն է, երբ տարբերակում են հին և նոր Հայաստան. Հայաստանը մեկն է, այն մեր հայրենիքն է: Բոլոր  ծրագրերս էլ բխում են ժողովրդի շահերից, հասարակական պահանջից են ծնվել, և առնչվում են յուրաքանչյուրի առօրյա կյանքի հետ: Դրանք նախադրյալներ են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

_Ինչու՞ պետք է օհանավանցին ընտրի ձեզ, ո՞րն է նրա համար հիմնական ուղղենիշը։               

   -Անկեղծ ասած, այդ հարցը ես էլ եմ ինձ հաճախ տալիս ու նաև տալիս եմ , իսկ ինչու ինձ չպետք է ընտրե՞ն հարցը։ Կատակը մի կողմ , բայց հենց ընտրողը նշում անելուց առաջ պիտի պատասխանի այդ հարցին ու որոշում կայացնի։ 

-Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել համայնքապետի աշխատանքը ստանձնելուց հետո։ 

 Աշխատելու եմ այնպես, որ ինձ քվե տված ամեն մի օհանավանցի երբևէ չզղջա իր այդ որոշման համար։ Սրանք վերամբարձ բառեր չեն։ 

-Ովքե՞ր են համայնքում Ձեզ սատարում: 

  -Ինձ սատարում են իմ ընկերները, նրանց ընտանիքներն ու մերձավորները, բարեկամները և այսպես շարունակ։․

Ես ընտրվեմ, թե չընտրվեմ, նշանակություն չունի, եթե չընտրվեմ էլ, կշարունակեմ աշխատել իմ մասնագիտությամբ, շարունակելու եմ օգնել ժողովրդիս և օգտակար լինել։ Տեսակս փոխել չեմ կարող ես նույնն եմ, ինչ կայի… Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործդ մարդ լինելն է․․․

Կո՛չ եմ անում մեր օհանավանցիներին, որ փետրվարի 17-ին  ակտիվորեն մասնակից լինեն և իրենց ընտրությանն ապավինեն․․

Mnews.am

kotayk

Լրահոս