Առաջադրումս բովանդակ է և ինքնանպատակ չէ.. Արայիկ Պետրոսյան

19

Երևանին հարակից Արարատի մարզի Արբաթ համայնքում ևս սեպտեմբերի-18-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Այս առիթով զրուցեցինք համայնքի ղեկավարի երկարամյա պաշտոնակատար Արայիկ Պետրոսյանի հետ:

 – Շուտով համայնքում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, կմանրամասնեի՞ք. ունե՞ք մրցակից:

– Այո, սեպտեմբերի 18-ին հերթական անգամ ընտրություններ են մեզ սպասվում: Եվս մեկ անգամ առաջադրումս բովանդակ է և ինքնանպատակ չէ: Կարծում եմ այդ է պատճառը, որ ինձ հետ առաջադրվող թեկնածու չունեմ: Մաղթում եմ բարեհաջող ընտրություններ բոլոր համայնքներին:

 -Պարոն Պետրոսյան, ինչո՞վ և ինչպե՞ս է ապրում Արբաթ գյուղը, արբաթցին:

– Արբաթցիները հիմնականում զբաղվում են մանր ու միջին բիզնեսով, զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:

-Ձեր աշխատանքի երկարակեցության գաղտնիքը ի՞նչումն է կայանում:

– Այսքան տարի ղեկավարելով գյուղը, հաստատ այն համոզմանն եմ, որ համայնքի ղեկավարի ամենակարևոր, առաջնահերթ խնդիրն իմ գյուղացու կողքին կանգնելն ու նրա հոգսը հնարավորինս թեթևացնելը պիտի լինի: Պարզ է, որ գյուղացին այսօր ավելի շատ դրամական աջակցության կարիք ունի, ինչի համար էլ դիմում է համայնքապետարան: Գյուղապետարանն էլ իր պարտականությունների և հնարավորությունների սահմաններում աշխատում է արդյունավետ կերպով իրականացնել գյուղի ծախսերը։ Օգնում ենք, որքան բյուջեի հնարավորությունն է թույլ տալիս: Առաջին հերթին` դժբախտ դեպքերում, սոցիալապես վատ պայմաններ ունեցող ընտանիքներին:

 -Ի՞նչ հիմնախնդիրներ կան Արբաթում:

-Իհարկե կան խնդիրներ,բոլոր այդ խնդիրները վաղ թե ուշ կգտնեն իրենց լուծումը, ես չեմ ցանկանում խոսել խնդիրներից, կարևորն այն է, որ մեր հայրենիքի սահմանները խաղաղ ու ապահով լինեն, որ ոչ մի ընտանիք զավակ չկորցնի…

 -Որո՞նք են 2016 թվականի աշխատանքները, մի փոքր կներկայացնեի՞ք:

– Ամբողջ համայնքում գիշերային լուսավորության հարցն ենք լուծել, գյուղամիջյան ճանապարհներն ենք ասֆալտապատել, մի մասը կառավարության ծրագրով է իրականացվել, իսկ մյուս մասը՝ գյուղապետարանի բյուջեից: Ի վերջո մեզ համար գերխնդիրը գազի բացակայությունն էր:: Բայց ինչպես ասում են լավ է ուշ, քան երբե՛ք. հիմա արդեն այդ մեծ գերխնդիրը արբաթում լուծված է այս պահին գյուղը գազաֆիկացվում է:

Mnews.am