«Շատ կուզեի ,որ մարդիկ ավելի հետևողական լինեին իրենց առողջության նկատմամբ».Արայիկ Սարդարյան

3

Արայիկ Սարդարյան` Երևանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտ` մասնագիտությամբ վիրաբույժ : Աշխատել է Վեդիի հիվանդանոցում, որպես հերթապահ վիրաբույժ, ապա գնահատելով երիտասարդ մասնագետի աշխատասիրությունն ու իր մասնագիտությանը` նվիրվածությունը, նրան նշանակում են տնօրենի տեղակալ` բուժական գծով: Արդեն ավելի քան 19 տարի է ղեկավարում է« Արարատի բժշկական կենտրոն»-ը, ստանձնելով այս պաշտոնը երկրի համար ծանր իրավիճակում:

 Menqumenq.am-ը զրուցում է բժիշկ Սարդարյանի հետ 19 տարի առաջ բուժհաստատաությունում տիրող վիճակի, դժվարությունների և դրանց հաղթահարման մասին.

– Մեզ մոտ էլ, ինչպես ողջ հանրապետությունում ծանր վիճակ էր, գիտեք` հաժախակի հոսանքազրկումներ ու էլի բազում խնդիրներ: Գնալով ամեն ինչ հաղթահարվեց, կարողացանք ձեռք բերել Շտապօգնության մեքենաներ, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ մեր հիվանդոնոցն էլ ընդգրկվեց մարզային հիվանադանոցները Համաշխարհային բանկի միջոցներով վերանորոգելու ցանկում` հիմնովին վերնորոգվեց, համալրվեց գերժամանակակից սարքավորումներով, դեղորայքային սպասարկումն էլ ավելի լավացավ:

– Ի՞նչ նյութատեխնիկական բազայով է հագեցած բժշկական կենտրոնը.

– Ինչպես նշեցի, հիվանդանոցն ամբողջովին վերանորոգված է, շատ եմ կարևորում , որ հատկապես մանկական բաժանմունքն ամբողջովին բարեկարգված է և հագեցած բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ցանկացած բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնի համար , թերևս, ամենակարևորը ժամանակակից նյութատեխնիկական բազա ունենալն է, որն ավելի արդյունավետ է դարձնում մատուցված ծառայությունների էֆեկտիվությունը: Ի ուրախություն ասեմ, նաև, որ վերանորոգումից հետո հիվանդները գերադասում են մեզ մոտ` տեղում ստանալ բուժօգնությունը: 

– Իսկ ի՞նչ կասեք բժշկական կենտրոնի անձնակազմի մասին.

– Ունենք հիանալի և 260 հոգանոց բուժանձնակազմ, որից 56-ը բժիշկներն են, և հպարտորեն ու վստահ կարող եմ փաստել, որ մեր բոլոր մասնագետներն արդեն իրենց գործում կայացած և անփոխարինելի բժիշկներ են: Մերոնք վստահություն են ձեռք բերել տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, եթե ասեմ, որ միջին մակարդակի վիրաբույժ դառնալու համար պահանջվում է 15 տարի, ապա մեր բժիշկներն ունեն ավելի երկարամյա փորձառություն:

Ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում այսպիսի մեծաքանակ կոլկտիվում.

– Առողջ, աշխատանքային մթնոլորտ, բոլոր շփումներում և’ կոլեկտիվի ներսում, և’ հիվանդների հետ ջերմ են, մտերմիկ հարաբերություններն էլ օգնում են ավելի աշխույժ ու դրական մթնոլորտում ծառայել մեր ազգաբնակչությանը… 

-Շա՞տ են դեպքերը, երբ մարդիկ դիմում են օգնությանը, սակայն հնարավորություն չունեն վճարելու բուժման ծախսերը

-Իհարկե կան: Հետևաբար, մենք ըմբռնումով ենք մոտենում նրանց, փորձում օգնել ինչով կարող ենք:Խնդիրը նրանում է,որ մարզերում ավելի սուր են սոցիալական խնդիրները, բնակչությունն անվճարունակ է , իսկ պետպատվերի շրջանակում բուժվելու  հնարավորություն ունեցողների թիվը սահմանափակ է: Եվս մեկ խնդիր, մեր հասարակության մեջ կարծես  արմատացել է այն սովորույթը, որ բժշկի են դիմում ծայրահեղ  անհրաժեշտության  դեպքում: Շատ կուզեի, որ մարդիկ ավելի հետևողական լինեին իրենց առողջության նկատմամբ:

Պետպատվերի շրջանակում ունե՞ք բուժում ստացողներ:

– Այո, ունենք: Մեզ մոտ լիարժեք բուժօգնություն է ցուցաբերվում. Հիվանդը դուրս գրվելուց հետո լրացնում է պայմանների և մատուցված բուժօգնության վերաբերյալ հարցաթերթիկ, որն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում , թե հիվանդը որքանով է գոհ մնացել մեր բժշկական կենտրոնից: Հավելեմ, նաև, որ բոլոր հիվանդասենյակներն  են մեզ մոտ լյուքս , հագեցած են ժամանակակից բոլոր պայմաններով, ջեռուցվում են, տրվող սպիտակեղենը միշտ մաքուր է և արդուկված: Մեր արդեն բուժված հիվանդները, փառք Աստծո, գոհ են հեռանում…

Անվճար ծննդօգնությունը, համավճարը, օրենքը ներդրվեց ՀՀ առողջապահության համակարգում։ Ի՞նչ կարծիք ունեք այս օրենքի վերաբերյալ:

-Անվճար ծննդօգնության և համավճարի հետ կապված ասեմ, որ դրանք պետության կողմից իրականացված քայլեր են՝ ուղղված մեր բնակչության ֆինանսական բեռը թեթևացնելուն, իհարկե, պետության հնարավորությունների չափով։ Ինչ վերաբերում է դեպի Երևան հոսքին ծննդաբերությունների հետ կապված, ապա նշեմ , որ հոսք, որպես այդպիսին, մեզ մոտ չկա, հազվագյուտ են դեպքերը, որ առանց պատճառի գնան մայրաքաղաքում ծննդաբերելու։ Հիմնականում ծննդկանները Երևան են ուղեգրվում բարդ դեպքերում, երբ առավել բարձր մասնագիտական մակարդակ է անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար։ Երբ մենք համեմատում ենք վերջին տարիների ծնունդների թվային տվյալները, ապա դրանց տատանումն այնքան էլ մեծ չէ, ինչը ևս ապացուցում է դեպի Երևան հոսքի բացակայությունը։ Ինչ վերաբերում է մյուս հիվանդություններին, ապա նշեմ, որ վերջին տարիներին մեր կենտրոնը համալրվել է արդի սարքավորումներով, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները բուժական արդյունավետ գործընթացի համար, որի հետ մեկտեղ՝ գնալով աճում է մեր հիվանդների թիվը։ Նրանք, տեղեկանալով, որ մենք ունենք հնարավորություն նույնիսկ ամենածանր պաթոլոգիաների դեպքում իրենց օգնելու, դիմում են մեզ։ 

– Ո՞րն է Ձեր բժշկական կենտրոնի առաջնային խնդիրը:

– Ունենք ուռոլոգի և անեսթեզիոլոգի, հոգեբանի կարիք, փորձում ենք ընտրել Բժշկական համալսարանի շրջանավարտներից, հուսով եմ, շուտով այս բացը կլրացնենք: Ի դեպ, նշեմ նաև, որ մարզպետարանը և քաղաքապետարանն էլ աջակցում են մեզ նոր կադրերի հարցում և մեր երիտասարդ մասնագետների հետ կնքվում են 10 տարվա աշխատանքային պայմանագրեր, կարող եմ ասել, որ վերոնշյալ մասնագետների ընտրությունից հետո առաջիկա տասը տարիների ընթացքում մասնագետների կարիք, թերևս, չունենանք: Նաև ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը` բժիշկը միշտ, ամենուր և ցանկացած պահի պատրաստ է անձնուրացաբար օգնել հիվանդին, սա է մեր կոչումը. Բազում կյանքեր են փրկվում ամեն օր մեր շնորհիվ, և շնորհակալությունն այդքան մեծ արձագանք չի գտնում, սակայն, Աստված մի արասցե, մի փոքրիկ թերացում, և հանրությունն անմիջապես տեղյակ է և դաժանորեն քարկոծվում է բժիշկը… Եկե’ք յուրաքանչյուրս մեր գործը կատարենք անկեղծ նվիրվածությամբ, և առավել քան վստահ եմ, որ փոքրիկ թերացումներն էլ չեն արձագանքվի…

Զրուցեց` Լիլիթ Խաչատրյանը